Ինչի՞ց է առաջանում հազը և ե՞րբ անհանգստանալ․ մանրամասնում է մանկաբույժը

3-6տարեկան

«Թեև հազը պաշտպանական ռեֆլեքս է և շնչուղիները մաքրում է լորձից, խորխից ու այլ գրգռիչներից, այն նաև տարբեր հիվանդությունների ախտանիշներից մեկն է»,- ասում է անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիանա Նազարյանը։

Մանկահասակ երեխաների շրջանում հազը տարածված երևույթ է և առաջանում է ընդհանուր մրսածության, սուր շնչառական վիրուսային վարակների, բրոնխիտների, թոքաբորբերի ժամանակ։ Սովորաբար մրսածության ախտանշանների բարելավմանը զուգահեռ երեխայի հազն ինքնուրույն մեղմանում է։ Սակայն որոշ դեպքերում այն կարող է կայունանալ և փոքրիկին անհանգստացնել մրսածության լավացումից օրեր ու շաբաթներ անց։

«Եթե երեխան նորմալ սնվում է, խմում է բավարար քանակով հեղուկներ, շնչառությունը նորմալ է և չի ուղեկցվում խզզոցներով, ապա անհանգստանալու կարիք չկա: Բայց եթե երեխայի հազը ժամանակի ընթացքում չի թուլանում, անհրաժեշտ է դիմել բժշկի»,- շեշտում է մասնագետը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, եթե հազն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տևում է ավելի քան 2 շաբաթ, անսովոր է, տանջող բնույթի, ուղեկցվում է շնչարգելությամբ և հևոցով, ի հայտ է գալիս գիշերային ժամերին, ուղեկցվում է արտահայտված թուլությամբ, մաշկի գույնի փոփոխությամբ՝ գունատություն կամ կապտավուն երանգ։ Երբ բալիկի մոտ կան նման նշաններ, անկախ օրվա ժամից՝ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի կամ կանչել շտապբուժօգնություն։

 

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր