«Չեմ խոսելու ձեզ հետ»․ ի՞նչ պետք է անի ծնողը, երբ երեխան նեղացկոտ է

3-6տարեկան

Փոքրիկը մեծահասակի խոսքը լսելուց հետո միանգամից բորբոքվում է կամ դուռն ուժեղ հարվածում և փախչում սենյակից։ Այսպիսի իրավիճակներում շատ ծնողներ պարզապես զայրանում են, նեղացկոտությունը որակում որպես բնավորության բացասական գիծ և մի կողմ քաշվում։

Բայց չէ՞ որ այստեղ իրականում երեխայի դժգոհությունն է գլուխ բարձրացրել, որը բնական հույզ է, ու միակ խնդիրն այն է, որ փոքրիկը չի հասկանում՝ ինչպես դա հաղթահարել։ «Մայրն ու հայրն են, որ պետք է ցույց տան բալիկին ճիշտ ուղղությունը։ Գլխավորը ոչ թե խնդիրներից ազատվելն է, այլ սովորեցնել ինքնուրույն ելք գտնել։ Եթե ծնողներն ընդունեն երեխայի հույզերը, նա կմեծանա ապահովության զգացումով և կիմանա, որ ոչ ոք իրենից երես չի թեքի, հետևաբար չի փակվի աշխարհից ու վիրավորանքը չի կուտակի ներսում»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռայա Երեմին։ Մասնագետն ավելացնում  է, որ առօրյայում տեղի ունեցող իրադարձությունների միջոցով հնարավոր է ուսուցանել երեխային։ Ծնողն, օրինակ, կարող է ասել՝ «Ես հասկանում եմ՝ նեղված ես, որովհետև պաղպաղակ ես ուզում։ Բայց հիմա չես կարող ուտել, դրսում ցուրտ է, կոկորդդ ցավում է: Հենց առողջանաս, կփորձենք պաղպաղակը»։ Տեսե՛ք՝ մայրը կամ հայրը շեշտում է, որ գիտի՝ ինչ է զգում երեխան ու ինչ է ուզում։

Ցավոք, լինում են դեպքեր, երբ մեծահասակները բալիկին հասկանալու փոխարեն, արժեզրկում են նրա հույզերը։  Նշում են՝ «Օ՜, իմ վիճակը հարյուրապատիկ վատ է», «Ինչ է որ, մանրուք է եղածը»: Նման արտահայտություններով կարծես ծաղրում են երեխային: Փոքրիկն աջակցություն չի ստանում, սկսում է վախենալ զգացմունքների մասին խոսելուց, ներսում ձևավորվում է կործանարար հույզերի հսկա պաշար։ Նա, մեծանալով ու ոչ մեկին չվստահելով, դժբախտ է դառնում, քանի որ չի կարողանում գտնել հարազատ մարդու։ Երեխան կարող է հետագայում ագրեսիվ դառնալ և նույնիսկ հավատալ, որ ամբողջ աշխարհն իր դեմ է։ Բալիկը միշտ հիշում է, որ ինքը «կարևոր չէ»։ Հասուն կյանքում այդ մարդը չգիտի՝ ինչպես լսել ինքն իրեն, չգիտի, թե ինչ է ցանկանում, ինչ մասնագիտություն ընտրի, ում հետ ընտանիք կազմի: Սրանք շրջադարձային պահեր են, որոնք կարող են կա՛մ երջանկացնել մարդուն, կա՛մ կոտրել նրա կյանքը։

«Ընդհանուր առմաբ, կարիք չկա զայրանալու և ասելու՝ «Դու ինձ վրդովեցրիր»։ Կարող եք ուղղակի ասել, որ ձեզ այդքան էլ դուր չի գալիս ստեղծված իրադրությունը։ Պարզապես երբ ասում ենք «դու», երեխան զգում է, որ իրեն մեղադրում են, դառնում է պաշտպանողական և այլևս չի լսում, նրա մոտ առաջանում է մեղքի զգացում»,- ընդգծում է հոգեբանը։ Նա հորդորում է ծնողներին չկիրառել արգելափակող արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Լռի՛ր» ու «Լաց չլինես»։ Տվյալ արգելափակումները կարող են բերել զգացմունքների դեֆորմացիայի։ Եթե ​​երեխային արգելում են տխրությունն արտահայտել և լաց լինել, նա միշտ կժպտա ու կզվարճացնի ուրիշներին: Սակայն դա անելն անբնական է: Նման պահվածքը միայն հյուծում է անհատին։