Փոքրիկը, լաց լինելով և բացահայտ անհանգիստ վարքագիծ ցուցաբերելով, կարող է հուշել ծնողներին, որ ունի մարմնի ցավող տեղ: Ի՞նչ անել այդպիսի դեպքերում: Առաջարկե՞լ երեխային ցավազրկող, թե՞ սպասել: Եթե դեղ ընդունելն անհրաժեշտություն է, ապա որի՞ն տալ նախապատվությունը: Ո՞ր դեղամիջոցներն են ցանկալի և ինչպիսի՞ տեսքով, որո՞նք՝ անցանկալի ու անթույլատրելի: Տվյալ հարցերի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ:
Հերթում «Պարացետամոլ»-ը և «Իբուպրոֆենն» են
Մասնագետի խոսքով՝ երեխաների համար կիրառվող ցավազրկողներ են «Իբուպրոֆենն» ու «Պարացետամոլ»-ը: Տվյալ դեղերը կարող են ինչպես ցավը մեղմել, այնպես էլ ունենալ հակաջերմային ազդեցություն: Պայմանավորված այն հանգամանքով, որ «Պարացետամոլ»-ը քիչ անբարենպաստ ռեակցիաներ է ունենում այլ դեղամիջոցների հետ, օգտագործվում է գրիպի և մրսածության ժամանակ: Մեծահասակների շրջանում կարևոր է իմանալ՝ «Իբուպրոֆեն»-ը թույլատրելի է միայն երեք ամսականից հետո: Չպետք է տալ փոքրիկին «Ասպիրին»: «Ասպիրին»-ը մինչև 16 տարեկանն առհասարակ օգտագործել խորհուրդ չի տրվում: Այդ դեղամիջոցն ընդունելու արդյունքում փոքրիկների մոտ կարող է զարգանալ Ռեյի համախտանիշը:
Դեղն ի՞նչ ձևով տալ երեխային ու ե՞րբ
Կախված փոքրիկի անհանգստության աստիճանից՝ հնարավոր է որոշել, թե արդյո՞ք ցավազրկող տալը պարտադիր է: Բալիկներին անալգետիկները սովորաբար տրվում են օշարակի ձևով, մեծ տարիքի երեխաներին՝ հաբի ձևով: «Պարացետամոլ»-ի առավելագույն ազդեցությունն արտահայտվում է ընդունումից հետո 30-60 րոպեի ընթացքում, արդյունքը պահպանվում է մինչև 4 ժամ: «Իբուպրոֆեն»-ի էֆեկտը դրսևորվում է 1-2 ժամվա ընթացքում, իսկ ազդեցությունը կարող է մնալ նույնիսկ 8 ժամ:
«Պարացետամոլ» կարելի է տալ 4-6 ժամը մեկ և ոչ ավել, քան օրական չորս անգամ: «Իբուպրոֆեն» առաջարկել կարելի է յուրաքանչյուր 6-8 ժամը մեկ, սակայն ոչ ավել, քան օրական երեք անգամ: Եթե անցել է 48 ժամ, ու ծնողը դեռևս տեսնում է դեղ տալու անհրաժեշտությունը, ապա փոքրիկին պետք է անպայման տանել բժշկի, չսահմանափակվել բանավոր խորհդատվությամբ: Բժիշկը պետք է զննի բալիկին:
Կողմնակի ազդեցություն
Դեղամիջոցներն օգտակար են, սակայն կարող են ունենալ կողմնակի ազդեցություն ևս: «Պարացետամոլ»-ի չափից շատ ընդունումը կարող է վնասել երեխայի լյարդին, անգամ՝ երիկամներին, առաջ բերել հոգնածության զգացում, ցան կամ քոր: Մեծ քանակությամբ «Իբուպրոֆեն» խմելու պարագայում առաջանում են ստամոքսի խանգարում, սրտխառնոց, շնչառական ռիթմի փոփոխություն, քնկոտություն, գլխապտույտ, քրտնարտադրություն և այլն:
Անվտանգության առումով պետք է․․․
Առանձնացվում են կոնկրետ կանոններ, որոնց ծնողները պետք է հետևեն փոքրիկին ցավազրկող առաջարկելիս․
▪️ Դեղը մի՛ տվեք երեխային առանց ձեր բժշկի հետ նախապես խորհրդակցելու։
▪️ Միշտ ստուգեք դեղի պիտանելիության ժամկետը:
▪️ Փոքրիկին մի՛ տվեք դեղամիջոցներ, որոնք գնվել կամ նշանակվել են ուրիշի համար:
▪️ Պահեք դեղամիջոցները երեխայի տեսադաշտից հեռու:
▪️ Ճշտեք դեղի պահպանման պայմանները, որոշները պետք է պահվեն սառնարանում կամ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:
▪️ Միշտ տվեք այն չափաբաժինը, որը գրված է շշի, փաթեթի վրա՝ ըստ ձեր երեխայի քաշի: Օշարակ-դեղորայքը տալիս մի՛ օգտագործեք խոհանոցային թեյի գդալ:
▪️Մտապահե՛ք՝ ցավազրկողները մեղմում են փոքրիկի վիճակը, բայց լինում են ժամանակավոր ելք հիվանդության խորացման, վիճակի ծանրացման և երկարաձգման պարագայում: Այլ կերպ ասած, նրանք կարող են քողարկել ֆիզիկական հիվանդության հետ կապված ախտանիշը, սակայն ոչինչ չեն անում հիմքում ընկած պատճառը բուժելու համար: Յուրաքանչյուր երեխա, որը վատառողջ է, ունի միջինից մինչև ուժեղ ցավ, պետք է այցելի մասնագետի՝ պարզելու ցավի պատճառը: