«Կարո՞ղ է ծնողների համբույրը կամ գրկախառնությունը բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեկանի վրա»․ տվյալ հարցի շուրջ ծնողները երբեմն շատ երկար են մտորում:
Նրանք անվերջ կարող են քննարկել, թե արդյոք ճիշտ կլինի, որ երեխան տեսնի մտերմության նման դրսևորումներ իրենց կողմից:
Մանկական հոգեբան, նախադպրոցական մանկավարժ Անի Սարգսյանն ասում է, որ հայրիկի ու մայրիկի միջև սիրո այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են գրկախառնությունը, իրար հանդեպ քնքշանք ցուցաբերելը, համբույրը, դրական ազդեցություն են ունենում երեխայի զարգացման վրա: Բալիկն իրեն ապահով է զգում այն ընտանիքում, որտեղ կա սեր, ջերմություն ու դրական հարաբերություններ: Որքան խաղաղ և սիրով լի միջավայրում է մեծանում փոքրիկը, այնքան սիրով ու վստահությամբ է լցված լինում դեպի աշխարհը:
Այստեղ միայն կա մեկ մեծ «բայց»: Սերը և քնքշանքը չպետք է շփոթել կրքի, ֆրանսիական համբույր ասվածի հետ: Այդպես միանշանակ չի կարելի: Ծնողները պետք է միշտ հարգեն և՛ իրենց, և՛ երեխայի սահմանները: Անկանխատեսելի է, թե ինչպես կանդրադառնան այդպիսի գործողությունները բալիկի հոգեկանի վրա ու ինչպիսի հետևանքներ կառաջացնեն:
Աղբյուր՝ Անի Սարգսյանի ինստագրամյան էջ