Ուշադրություն, մայրիկներ, տապը սաստկանում է. կարեւոր խորհուրդներ

Խնամք

Առաջիկա օրերին ամբողջ Հայաստանում տապը կսաստկանա: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ մեր երկրին են մոտենում մերձարեւադարձային տաք օդային հոսանքներ: Շոգը զգալի կլինի հատկապես Երեւանում, Արարատյան դաշտում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում: Ջերմաստիճանն իր առավելագույն կետին կհասնի հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը. կհատի 40 աստիճանի սահմանագիծը: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ հաճախ ջուր խմել:

Առաջիկա օրերին ամբողջ Հայաստանում տապը կսաստկանա: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ մեր երկրին են մոտենում մերձարեւադարձային տաք օդային հոսանքներ: Շոգը զգալի կլինի հատկապես Երեւանում, Արարատյան դաշտում, Տավուշի եւ Սյունիքի հովիտներում: Ջերմաստիճանն իր առավելագույն կետին կհասնի հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը. կհատի 40 աստիճանի սահմանագիծը: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ հաճախ ջուր խմել: Խորհուրդը վերաբերում է հատկապես փոքրիկներին, որոնց մաշկն առավել զգայուն է, եւ արեւահարման վտանգը՝ մեծ:

Սննդաբանները խորհուրդ են տալիս մայրիկներին ամռան տապին փոքրիկին չկտրել կրծքի կաթից, դուրս գալ զբոսանքի վաղ առավոտյան կամ երեկոյան՝ ժամը 19:00-ից հետո: Զբոսանքի ժամերը վերաբերում են նաեւ մեծ բալիկներին: Նրանց խորհուրդ է տրվում թեթեւ սնունդ օգտագործել, խուսափել յուղոտ ու ծանրամարս կերակուրից, արագ սննդից,  շատ միրգ ու բանջարեղեն ուտել, սակայն չչարաշահել եւ չխառնել այլ մթերքի հետ, որպեսզի փորլուծություն չառաջանա: Պաղպաղակը նույնպես ցանկալի է չչարաշահել, չուտել քրտնած վիճակում, ինչպես նաեւ չհամտեսել ճաշից անմիջապես հետո:  Պաղպաղակի ընտրության հարցում նույնպես պետք է զգույշ լինել՝ չուտել դրսում տեղադրված «լցնովի» պաղպաղակները, որոնց ծագումն անհայտ է:

Ամռան տապին ամենից շատ պետք է ջուր օգտագործել, այսինքն՝ ծարավը պետք է հագեցնել ջրով եւ ոչ թե այլ հեղուկներով: Եթե փոքրիկը հյութ է ցանկանում, պատրաստեք տնական կոմպոտներ՝ օգտագործելով սեզոնային մրգերը: Ցանկալի է, որ այն քաղցր չլինի, որպեսզի փոքրիկը հագեցնի ծարավը: Միանգամայն բացառեք գազավորված ըմպելիքը: Իսկ փոքրիկի՝ ջրի պահանջը երբեք մի սահմանափակեք:

Հագուստի ընտրության հարցում նույնպես պետք է մանրախնդիր լինել, այլապես քրտնած մաշկի վրա կարող է ցան առաջանալ՝ ինչպես ասում են, քրտնախաշ լինել: Փոքրիկին հագցրեք թեթեւ, բամբակե ու բաց գույնի հագուստ:

Հաճախ լողացրեք բալիկներին, բայց զգույշ եղեք միջանցիկ քամուց: Հատկապես լոգանքից հետո նրանց օրգանիզմը «թուլանում է», եւ կարող է արագ մրսել: Լավ կանեք՝ տապը մեղմացնեք նաեւ հատուկ փոքրիկների համար նախատեսված լողավազաններում:

Ցանկալի է խուսափել նաեւ օդորակիչից, սակայն սաստիկ տապի ժամանակ այն նախընտրելի է, պարզապես փոքրիկը պետք է չգտնվի դրա ուղիղ հոսանքի տակ: Լավագույն ջերմաստիճանը համարվում է  +22-ը, բայց փոքր սենյակներում ցանկալի է փոքր-ինչ բարձր աստիճանով միացնել այն: Եվ հիշեք՝ դրսի տապից հետո չի կարելի անմիջապես մտնել սառը սենյակ. փոքրիկը պետք է աստիճանաբար փոխի ջերմաստիճանները:

«Իմ փոքրիկ»-ը բոլոր փոքրիկներին մաղթում է անմոռանալի հիշողություններով ամառ: