Ինչպե՞ս ու ի՞նչ պարբերականությամբ պետք է գործեն փոքրիկի աղիքները

Խնամք

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է գործեն նորածնի, ապա ավելի մեծ երեխայի աղիքները:

Չկա օրինաչափություն, թե նորածնի աղիքներն ինչ հաճախականությամբ պետք է գործեն: Օրը 4 անգամից մինչև 2-3 օրը մեկ համարվում է նորմա, եթե փոքրիկն իրեն լավ է զգում,  և կղանքի մեջ չկան պաթոլոգիական խառնուրդներ: Նորածիններ կան, որ ամեն սնվելուց հետո կարող են դատարկել աղիքները, ինչը համարվում է նորմա, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով` սկսած մոր կաթի որակական բաղադրամասերից, վերջացրած հավելյալ սննդի որակից, որը երբեմն ստիպված ենք լինում առաջարկել:

Ինչպե՞ս է հնարավոր կանխել փորկապությունը:

Փորկապությունը կանխելու համար, առաջին հերթին, պետք է կարգավորել սննդացանկը: Հարկավոր է հետազոտություններ կատարելով գտնել փորկապություն առաջացնող խնդիրը, պարզել ֆերմենտային որևէ օղակում դեֆիցիտ կա՞, թե՞ ոչ: Եթե կա, ուրեմն պետք է դեղորայքային միջամտությամբ վերացնել այդ վիճակը:

Ինչպե՞ս պետք է վերացնել լուծը:

Լուծն էլ կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ հասարակ աղիքային դիսֆունկցիայից սկսած միչև ինֆեկցիոն հիվանդություններ, դրա համար նախատեսված են բուժական միջամտություններ:

Ո՞ր դեպքում պետք է անհանգստանա մայրիկը: 

Պետք է անհանգստանալ, երբ երեխայի աղիքները գործում են չափից ավելի հաճախակի, և դրա մեջ կան պաթոլոգիկ խառնուրդներ՝ լորձ, արյուն: Այս դեպքում պետք է շտապ դիմել բժշկի, որովհետև հաճախակի լուծը կարող է բերել օրգանիզմի ջրազրկման: