Ի՞նչ պետք է կարողանա անել 6 ամսական երեխան

3-6ամիս

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է վեց ամսական երեխայի զարգացման մասին:

Վեց ամսականից հետո բալիկը սկսում է աշխարհին այլ հայացքով նայել: Նա  դադարում է լինել նախկին «անօգնական» փոքրիկը, կարողանում է սողալ ու պտտվել երկու ուղղությամբ, տարբերակել ծանոթ և անծանոթ մարդկանց: Երեխայի լեզվական հմտություններն աճում են, ու թեև նա պատրաստ չէ բառեր կազմելուն, սակայն հաճույքով ընդօրինակում է և արտաբերում լսած հնչյունները: Փոքրիկ հետաքրքրասերը համարձակորեն քաշքշում է մայրիկի վզնոցները, վերցնում մոտակայքում գտնվող յուրաքանչյուր իր՝ մարտկոց, փուչիկ, ականջօղ ու իսկույն տանում բերանը: Այս առումով պետք է հետևողական գտնվել և վտանգավոր իրերը երեխայի տեսադաշտից հեռու պահել:  Փոքրիկին անհրաժեշտ են լինելու խաղալիքներ, որոնց միջոցով  հնարավոր կլինի զարգացնել մեծ ու փոքր շարժիչ, սոցիալական և ինտելեկտուալ հմտությունները: Այդ նպատակով ծնողները երեխայի համար կարող են գնել տարբեր չափերի օղակներով և խորանարդիկներով խաղեր, շարժվող, լույս արձակող ու երաժշտություն հնչեցնող մեքենաներ, գնացքներ և գնդակներ, զվարճալի գունագեղ գրքեր: Երեխային դուր է գալու, երբ նրան պահում են կանգնած դիրքում, որպեսզի կարողանա ցատկել վեր ու վար (տվյալ մարզումն ամրացնում է ոտքերի մկանները և տրամադրում իրական քայլքին): Հատկապես մայրիկները պետք է զինվեն համբերությամբ, քանի որ նրանց սպասվում է մեկ այլ ուշագրավ ու արկածներով լի փորձառություն: Նրանք միասին պատրաստվելու են հավելյալ սնունդ ընդունելուն, եթե բալիկը կարողանում է ուղիղ նստել բարձր աթոռին, կուլ տալ ու ոչ թե լեզվով հետ մղել ուտելիքը:   

Հավելյալ սնուցումն անհրաժեշտ է սկսել շիլաներից կամ բանջարեղենային խյուսերից:  Նախ՝ ներմուծվում է մեկ բաղադրիչով սնունդ, տրվում փոքրիկին օրվա առաջին կեսին և ընդամենը 1-2 գդալ: Նույն ուտելիքն առաջարկում են երեխային նվազագույնը երեք օր ու հետևում մարմնի արձագանքին, որպեսզի տեսնեն՝ ալերգիկ դրսևորումներ, փորլուծություն և այլ անհանգստացնող ախտանշաններ կան, թե ոչ:  Եթե փոքրիկը լաց է լինում ու շրջվում է, չի ցանկանում ուտել  և հրաժարվում է, չի կարելի ստիպել նրան: Մայրիկը պետք է սպասի ու կրկին փորձի՝ մինչև բալիկն ընդունի: Հավելյալը սկսելուց հետո երեխայի կղանքը կարող է ավելի պինդ դառնալ, փոխել գույնը և առավել տհաճ հոտ ունենալ: Սա նորմալ երևույթ է։ Նորմալ է նաև այն, որ երեխայի աճի տեմպերը մի փոքր դանդաղեն: 

Վեց ամսականում օրվա կտրվածքով երեխային անհրաժեշտ է լինելու 12-16 ժամ քուն, և նա դեռ կարող է արթնանալ գիշերային կերակրումների համար։ Մայրիկը պետք է համոզվի, որ փոքրիկը բավականաչափ ուտում է օրվա ընթացքում ու ստանում կալորիաներ, որպեսզի կարիք չունենա ընդհատել քունը և «պահանջել» սնունդ: Եթե, ​այնուամենայնիվ, բալիկը​ շարունակում է արթնանալ, ապա հավանական տարբերակ է այն, որ նա հարմարավետություն է փնտրում: Անմիջապես կուրծքը կամ շիշն առաջարկելու փոխարեն՝ մայրիկը պետք է շոյի  բալիկին ու գրկի: