Ինչպե՞ս բացահայտել փոքրիկի ստեղծագործական ունակություններն ու զարգացնել

Պատկերացրու՛, որ ապրում ես անհայտ մոլորակում, նկարագրի՛ր՝ ովքե՞ր են ապրում այնտեղ, ինչպիսի՞ տեսք ունեն, ի՞նչ եղանակով եք շփվում միմյանց հետ։

Կամ ասա՝ ո՞րն է սիրելի ֆիլմդ, հերոսներից ու՞մ ես ամենից շատ սիրում, արդյո՞ք նմաննություններ ունեք, կփոխեի՞ր ֆիլմի ավարտը, ո՞ր հատվածին կցանկանայիր միջամտել։ Այս ու նման այլ պարզ առաջադրանքները կարող են օգնել երեխային զարգացնել երևակայությունն ու ստեղծագործական հմտությունները։ Հոգեբան Վարդինե Մեսրոպյանն ասում է, որ փոքրիկի մոտ տվյալ ունակությունները կարելի է զարգացնել նաև նկարչության, խմորի և պլաստիլինի միջոցով խաղեր կազմակերպելու, լեգոյի օգնությամբ այնպես, որ նա ստեղծի նոր, գոյություն չունեցող կերպարներ, կենդանիներ ու բույսեր։ Թղթե կտորներով, կենցաղային տարբեր իրերով էլ կարելի է ստանալ հետաքրքիր իրեր և էլ ավելի մոտիվացնել երեխային։ 

Մասնագետն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ երբեմն ծնողները չեն թողնում՝ երեխան ինքնուրույն ստեղծի, բալիկի՝ թղթին հանձնված պատկերն էլ, օրինակ, արժանանում է քննադատության։ Ու դրա արդյունքում է, որ առաջանում են «չեմ կարողանում» արտահայտությամբ բնութագրվող իրավիճակներ։ Միգուցե երեխան օժտված է տաղանդով, բայց արդեն հրաժարվու՞մ է դա ի ցույց դնելուց։ Սկսում է վախենալ, որ կրկին քննադատության կարժանանա և չի խրախուսվի։

Ծնողի գործոնը երեխայի զարգացման գործում ահռելի է։ Ծնողն ու երեխան, կարծես, մեկ հայելու մեջ են նայում, և փոքրիկը կրկնօրինակում է նրան։ Ծնողը պետք է հասկանա, աջակցի և թույլ տա նրան լինել ինքնուրույն։ Նա պետք է փորձի երեխայի մոտ ձևավորել որևէ հոբբի։ Կարելի է օրվա մեջ հստակ ազատ ժամ սահմանել, օրինակ՝ 16։00-ից 17։00-ը, և բալիկն ինչ ուզի, անի այդ ընթացքում։ Հարկավոր է ապահովել փոքրիկի համար ստեղծարար անկյուն, որտեղ կլինեն թղթեր, մկրատ, ամրակ և կկարողանա տարբեր իրեր ստեղծել։ Պետք է, որ ընտանիքն էլ ունենա հեռախոսներից ու հեռուստացույցից ազատ օր, լիովին ներգրավվի այս աշխատանքում։ Կարևոր կլինի պատկերացնել ապագան, հորինել դերային խաղեր, զբաղվել տիկնիկաթերապիայով, շուտասելուկներ ասել։ Հրաշալի կլինի նաև երեխային տանել մի տեղ, որտեղ մարդիկ արդեն հասել են հաջողության, որպեսզի նա տեսնի ու ոգևորվի այդ օրինակով։