«Ես քո ծնողն եմ, դու պետք է լսես ինձ և ենթարկվես»․ ինչպե՞ս պահպանել ու չկորցնել ծնողական հեղինակությունը

Հեղինակություն բառի ներքո ծնողները մեծամասամբ հասկանում են, որ երեխաները պետք է անվերապահորեն ընդունեն իրենց ցանկացած խոսքն ու ենթարկվեն:

Ծնողները սիրում են շեշտել՝ մենք ունենք կենսափորձ և ավելի լավ ենք կյանքը ճանաչում: Փորձի փաստը ճշմարիտ է, բայց անհրաժեշտ է չմոռանալ` բալիկների հայացքները  տարբեր են, իսկ հարգանքը ձեռք է բերվում բոլորովին այլ ճանապարհներով: Ծնողական հեղինակության պահպանման և ամրապնդման մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբանի Անի Ապիտոնյանի հետ։ 

 

Իսկապե՞ս հեղինակություն եք երեխայի համար, թե՞․․․

Հեղինակություն ասվածը ձևավորում ու ամրապնդվում է այն դեպքում, երբ անձի վարքագիծն օրինակելի է, նա կարողանում է կայացնել արդյունավետ որոշումներ, չի վախենում տեսնել սեփական սխալները և ուղղել, ինչը նպաստում է զարգացմանն ու աճին: Տվյալ մարդն ունի սոցիալական դիրք, հոգատար է այլոց նկատմամբ, ունակ է լսելու, քննարկելու, ուրիշների կարծիքն ընդունելու և հարգելու: Նրա համար առաջնային է խնդրի դրական լուծումն ապահովելը և ոչ թե ցույց տալ՝ ով է ճիշտը:

Երբ ծնողը միայն մտածում է փոքրիկին ենթարկեցնելու մասին, ապա դա ավտորիտար մոտեցում է: Նշանակում է՝ ծնող-երեխա փոխհարաբերություններում անկասկած կծագեն կոնֆլիկտներ: Բալիկի մոտ կարող է առաջ գալ ենթարկվողի հոգեբանություն կամ լռողի, որն անելու է ծնողի ասածի հակառակը: Այս ճանապարհով ի հայտ եկող հատկանիշները հետագայում ազդելու են երեխայի կյանքի որակի վրա: 

Հեղինակություն ունեցող ծնողը խոսում է երեխայի հետ հետևյալ կերպ՝ «Ես ունեմ իմ կարծիքը, լսի՛ր այն, ապա ներկայացրու քոնը: Իրոք հետաքրքիր է՝ ինչպես ես մտածում, խոսի՛ր զգացմունքներիդ մասին: Եթե այդպես ես ցանկանում, միանշանակ կողքիդ եմ: Սակայն խնդրում եմ՝ հիշես, որ ինքդ ես պատասխան տալու արարքներիդ համար: Եթե նույնիսկ բարկանում եմ, բնական է:  Ծնող եմ, ես էլ ունեմ հույզեր, ուզում եմ՝ քեզ հետ ամեն ինչ լավ լինի»: Այսինքն` սովորեցնում է փոքրիկին՝ ինչպես վարվել կյանքում, վերլուծել իրավիճակները, լինել պատասխանատու դրսևորած վարքագծի արդյունքների համար: Ընդհանուր առմամբ, սա հեշտ պրոցես չէ, քանի որ յուրաքանչյուր ծնողի մոտ կա ավտորիտար հակում երեխաների հանդեպ: Տագնապ ունենալով բացասական փոփոխությունների հանդեպ՝  փորձում են նման ձևով զերծ պահել բալիկին խնդիրներից:

 

Ծնողների հարաբերությունները՝ վճռորոշ գործոն

Երեխան չի տարբերակում վատն ու լավը, չարը և բարին, վնասակարն ու օգտակարը, կարող է, օրինակ, փորձ չունենալով՝ ձեռքը տանել դեպի կրակը: Ծնողի հեղինակությունը կարևոր է այնքանով, որ երեխային դնի որոշակի ուղու վրա: Հեղինակության պահպանման տեսանկյունից էական է, թե ինչպես են ծնողները, ընտանիքի անդամները վերաբերվում միմյանց: Եթե որոշում ընդունելիս նրանք միահամուռ չեն, մեկը մյուսին վատաբանում է, բալիկի մոտ արդեն կարող է առաջանալ կամակորություն, վատ արարքները թաքցնելու և արդարացումներ փնտրելու ցանկություն, փոքրիկը չի համարի ծնողին մեծահասակ, որն ի զորու է աջակցել:

Վերցնենք տիպիկ իրավիճակ․ հայրիկն ասում է՝ մայրիկը սխալ է, նա չի հասկանում: Այնուհետև տան մյուս անդամներն են փնովում մայրիկին, որ չի կարողանում երեխա դաստիարակել կամ կոնֆլիկտների մեջ է հայտնվում: Դա միանգամայն բացասաբար է ազդելու ծնողի հեղինակության վրա: Եթե հայրիկին թվում է՝ մայրիկին վիրավորելով նսեմացնում է նրան, ապա սխալվում է: Նա առաջին հերթին նսեմացնում է հենց իրեն:  Որոշումները միգուցե կայացվել են հանպատրաստից, բայց չարժե բուռն արձագանքել, նշել` չես հասկանում: Կարելի է առաջարկել մեկ անգամ էլ քննարկել: Քննարկումը տեղի կունենա, որևէ մեկի հեղինակությունը չի տուժի: Երեխան պետք է իր դաստիարակության հարցում տեսնի ծնողների՝ մեկ ուղղությամբ նայող աչքերը: Ընդ որում, փոքրիկի դաստիարակության վերաբերյալ խոսակցություններն անհրաժեշտ է կատարել առանձին: Երբ հարազատները ներկա են, բազմակարծություն է առաջ գալիս, յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում հեղինակությունից զրկել դիմացինին, սեփական վարկանիշը բարձրացնել: Տուժում է միայն երեխան` գտնվելով մեծերի ստեղծած փոթորկի մեջտեղում: 

 

Երեխան դադարում է կիսվել ծնողի հետ«վտանգավոր գոտի»

Ծնող-երեխա հարաբերություններում առկա յուրաքանչյուր խնդիր մտածելու առիթ է: Գալիս է հարցերի շարք՝ ինչու՞ ծագեցին այս խնդիրները, ինչու՞ է երեխան փոխել իր վերաբերմունքը և չի շփվում, արդյո՞ք դա ինձ հետ է կապված, նա ունի՞ խնդիրներ դրսում: Երեխան ծնողին կարող է չպատմել իր մասին որոշ նկատառումներից ելնելով: Միգուցե վախենում է քննադատվելուց, պիտակավորվելուց, գիտի՝ սխալ է արել, սակայն ուզում է շարունակել, դեռահասության շրջանն է: Օրինակ՝ դեռահասը հիմնականում սկսում է չվստահել ծնողին, որովհետև մեծահասակիի միջամտությունը համարում է ճնշում ու փորձում զերծ մնալ դրանից, ընկերների հետ է կիսվում, որոնք հեշտ կհասկանան ու կգնան խենթ արարքների: Շարունակական վիճակը, որտեղ երեխան դադարում է հաշվի առնել ծնողի խոսքը, կարող է բերել տարբեր հետևանքների: Գուցե լինեն ուսման հետ կապված խնդիրներ, երեխան չսովորի, մոռանա պատասխանատվության մասին, հարվածի մեծին, անպատվի, դուրս գա նորմերից, որոնք պաշտպանում էին նրան վատ միջավայրից, ունենա վարքի շեղում:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան