Ինչպե՞ս աջակցել երեխային հաղթահարել կորուստը․ Babycef.am

Կան թեմաներ, որոնք ծնողները փորձում են շրջանցել երեխայի հետ հաղորդակցության ժամանակ՝ թաքցնելով իրականությունը: Թեև շատերի ընկալմամբ դա արվում է հանուն երեխայի, սակայն երբեմն ստացվում է այնպես, որ լավագույն մղումները հակառակ արդյունքն են տալիս: Այդպես է պատահում, երբ փորձում են շրջանցել հատկապես «ցավոտ» թեմաները, օրինակ՝ կորուստը, երբ փորձում են տարատեսակ պատմություններ հորինելով՝ ճշմարտությունը չհայտնել բալիկին կամ հայտնել, երբ դեպքից արդեն բավականին ժամանակ է անցել:

«Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Լուսինե Աղաբեկյանը նշում է, որ թեմայի մասին երեխայի հետ միանշանակ հարկավոր է խոսել ու նրա հետ պետք է անկեղծ լինել: Մահը բնականոն երևույթ է, և երբ երեխան հարցեր է տալիս (2-3 տարեկան հասակում փոքրիկն արդեն կարողանում է ընկալել իրողությունն ու հարցեր տալ), իրականությունից փախչելը չի օգնի: Հարկավոր է զրուցել երեխայի հետ, իհարկե, նրան հասկանալի լեզվով և համապատասխան բացատրությամբ: Հորինված պատմությունները փոքրիկի մոտ առաջացնում են լրացուցիչ հարցեր, երկարատև սպասումներ, երեխան տանջվում է իրեն անհանգստացնող թեմաների շուրջ ու հարցերին պատասխան չստանալով: Դեռ ավելին, երեխան ի վիճակի է զգալ սուտը, չէ՞ որ ընտանիքում կորստի դեպքում փոխվում է ընտանիքի հուզականությունը: Փոքրիկը սկսում է երևակայել, պատկերացնել այլ բաներ, քան տեղի է ունեցել, իրեն մեղավոր զգալ: Երեխայի հետ անկեղծ լինել պետք է նաև այն պատճառով, որ դրանով  նրան կորուստը ապրելու և վերականգնվելու հնարավորություն են տալիս, որպեսզի նա չկորցնի վստահությունը: Հակառակ՝ լուրի մասին ոչ ժամանակին հայտնելու կամ տարատեսակ պատմություններ հրամցնելու դեպքում, փոքրիկը կորցնում է վստահությունը ոչ միայն շրջապատի հանդեպ, այլ կրկնակի կորուստ է ապրում: Իրականության մասին ճիշտ, առանց ավելորդ հուզականության, ուղիղ պատմելու դեպքում բալիկի մոտ թուլանում է լարվածությունը, նա հնարավորություն է ունենում հարցեր տալու: Պատմելով նաև ուղղորդում են երեխային վերակագնման գործընթացում, և բալիկն ընկալում է երևույթն առանց լարվածության, այնպես, ինչպես ընկալում է ցանկացած այլ բան:

Կորստի մասին խոսելիս պետք չէ թաքցնել երեխայից հուզականությունը, բայց և ծայրահեղ դրսևորումների ականատես պետք չէ դարձնել նրան: Բալիկի հետ պետք է խոսի մեկն, ում երեխան ճանաչում է ու վստահում: Թե ինչպես խոսել երեխայի հետ, կախված է նրա տարիքից: Նախադպրոցական տարիքի փոքրիկի հետ զրույցը կարելի է սկսել իրեն ուղղված հարցով՝  ի՞նչ գիտես կորստի մասին, ինչպե՞ս ես պատկերացնում երևույթը: Տեղին են համեմատությունները և փոխաբերությունները, օրինակ՝ գարնանը ծառը սկսում է ծաղկել, ամռանը պտուղ տալիս, աշնանը տերևների գույնը փոխվում է, իսկ ձմռանը դրանք պոկվում են, ընկնում: Նույն կերպ մարդկային կյանքն է: Եթե երեխան գիտի մահվան մասին, սկսում են մանրամասնել կորստի մասին: Չարժե այն համեմատել քնի հետ, դա կարող է բերել քնի խանգարման կամ քնից վախի: Փորձում են հստակ ասել՝ հետևյալ անձնավորությունն այլևս չկա: Անպայման տալիս են անդառնալիության գաղափարն ու շեշտում՝ այս մարդը, ցավոք, չի վերադառնալու: Սա արվում է նրա համար, որ երեխան չսպասի: Հավելյալ մանրամասներ ներկայացնելու կարիք չկա:

Կորստից հետո լիովին հաղթահարել ապրածը հնարավոր չէ, սակայն օգնել երեխային շարունակել կյանքը, հնարավոր է: Դիմացինի աջակցությունն ուղղված է լինելու նրան, որ բալիկը կառուցի իր հետագան՝ հիշելով այդ մարդուն, բայց ոչ կենտրոնում պահելով: Ընդամենը պետք է պատասխանել երեխայի հարցերին, միաժամանակ շատ չընկղմվել նրա  կյանքի մեջ, երբ նա ցանկանում է մենակ մնալ: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել ուսումնական գործընթացը, առօրյա կենսակերպը, թույլ տալ բալիկին խաղալ ու հանգստանալ: Եթե նկատում ենք, որ երեխայի առաջադիմությունը և քնի որակը փոխվել են, բալիկն ունի տագնապներ, կարելի է ուղղորդել մասնագետի մոտ:  Ամեն դեպքում, երբ տանը կա այնպիսի մեկը, ում հետ երեխան կարող է կիսվել, ժամանակի ընթացքում այդ  փուլը ևս հաղթահարվում է: