Ինչու՞ է երեխան նախանձում և ինչպե՞ս հաղթահարել նախանձի զգացումը

Ինչպե՞ս կբնորոշեք նախանձը: Կա՞ դրանից որևէ օգուտ, թե՞ միայն վնաս: Որտեղի՞ց է ծագում այդ զգացումը, և պե՞տք է ընդհանրապես պայքարել նախանձի դեմ: Ինչպիսի՞ դրսևորում է ունենում նախանձը երեխաների պարագայում, ու ի՞նչ անել այն ժամանակ, երբ նկատում եք՝ փոքրիկը նախանձում է հասակակցին:

Նախանձն, ըստ էության, մատնացույց է անում մարդու՝ պակաս նշանակալից լինելու ներքին վախը, իսկ նախանձի առարկա կարող են դառնալ նյութական արժեքները (հագուստ, խաղալիք) և կյանքում տեղի ունեցած իրադարձությունները (ընկերոջ հաղթանակը մրցույթում, գովասանքի խոսքեր ստանալը, բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվելը): Ինչպես մեծահասակը, այնպես էլ երեխան կարող է նայել ծանոթ-անծանոթ անձանց ու մտածել՝ ինքը դիմացինի պես պետք է լիներ, ափսոս, որ իր վարսերն էլ նրա վարսերի պես փարթամ չեն, ինչու  ինքն էլ բավականաչափ տաղանդավոր չէ ու նման շատ այլ բաներ:

 

Նախանձի ճանապարհը երկար է

Հենց այնպես նախանձն առաջանալ չի կարող: Նախանձի զարգացմանը բերում են համեմատությունները, ինքնագնահատականի հետ կապված խնդիրները, սիրո ու աջակցության համապատասխան չափաբաժնի բացակայությունը, ծնողների կողմից «իրերի պաշտամունք» ստեղծելը, երեխաներից մեկին մյուսի համեմատ ավելին տալը:

Զարմանալի չթվա, սակայն երեխան հաճախ իր ընտանիքում է ստանում նախանձելու առաջին փորձառությունը։ Բալիկների մեջ անգիտակցաբար կամ գիտակցաբար նախանձ կարող են  «ներարկել» ծնողները։ Օրինակ՝ մայրը դժգոհում է, որ դստերը չի հասել ներկայացման գլխավոր դերը, և նրան չի հուզում փաստը, որ աղջիկը դժգոհ չէ իրեն հատկացված դերից, կամ մորը դուր չի գալիս, որ աղջկա ընկերուհուն են ընտրել օլիմպիադայի համար։ Ծնողը, որն այդ  դեպքում շեշտում է՝ քեզ պետք է ընտրեին, արդեն իսկ նախանձ է սերմանում:

Հարազատները երբեմն գնում են համեմատությունների, որպեսզի, ինչպես իրենք են կարծում, մոտիվացնեն բալիկին: Այդպիսի համեմատությունները հանգեցնում են նրան, որ երեխան սկսում է ապրել՝ ուղղելով ​​հայացքն ուրիշների վրա:  Մյուսների հետ համեմատվելը դառնում է սովորություն՝ բերելով ցածր ինքնագնահատականի, իսկ ցածր ինքնագնահատականով երեխաները, որպես կանոն, կարծում են՝ իրենք ամեն ինչով առավել վատն են։ Թույլատրելի է համեմատել միայն նույն փոքրիկի անցյալի և ներկայի ձեռքբերումները՝ հասկանալու համար, թե ինչի վրա է պետք աշխատել ու որ ուղղությամբ շարժվել։ Երեխայի կատարած աշխատանքը խրախուսելը նույնպես օգտակար է, բայց երբ երեխաներին հավանություն են տալիս միայն աշխատանքի համար, նրանք դադարում են գնահատել իրենց։ Արտաքին գնահատականներից կախված երեխան շարունակում է իրեն լավ զգալ, քանի որ ուրիշներն են իր մասին լավը մտածում: Սա ֆիքսելը շատ կարևոր է, որովհետև «Ես լավն եմ և արժանի եմ սիրո առանց որևէ նախապայմանի» համոզմունքի բացակայությունը հետագայում տանում է լուրջ խնդիրների։ Առանց ներքին աջակցության ու ինքնավստահության երեխայի համար դժվար կլինի հաղթահարել հասուն տարիքում առաջ եկած մարտահրավերները։ Երեխայի մոտ կարող են աճել անհանգստությունը, դժգոհությունը և ինքնախղճահարությունը: Նա կշարունակի համեմատվելը, նոր նախանձը կկուտակվի հնի վրա ու կխեղաթյուրի անհատականությունը:

Պետք է կարևորել նաև հետևյալ դետալը՝ շատ ծնողներ, տեսնելով, որ հարևան երեխան ունի զանազան խաղալիքներ, անմիջապես ձգտում են իրենց երեխային գնել նույնը: Ձեռք են բերում լավագույնը, որպեսզի բալիկը զգա իրեն առանձնահատուկ, փորձում են այդ եղանակով բարձրացնել ինքնագնահատականը: Ստացվում է այնպես, որ ժամանակի ընթացքում տվյալ երեխայի խնդրանքները, պահանջները մեծանում են: Երեխան հայտնվում է մանկապարտեզում թանկարժեք խաղալիքով, դպրոց է գալիս թրենդային բացառիկ հագուստով, իսկ մյուս փոքրիկները շրջապատում են նրան ու շնորհում կարծես արտոնյալ դիրք: Բնականաբար, նա վարժվում է դրան, ի վերջո դառնում պարծենկոտ մարդ և անհանդուրժող, եթե այլ մեկը գերազանցում է իրեն, ունենում այն, ինչ ունի ինքը։

 

Եթե նախանձը սկսի «խոսել»

✓ Նախանձող երեխան մեծամասամբ փորձում է արժեզրկել, իջեցնել առարկայի կամ իրադարձության արժեքը, ասել, օրինակ, «Առաջին տեղը գրավելը մեծ բան չէ, ես նույնպես կարող եմ դա անել», «Քո խաղալիքը գեղեցիկ չէ, ես տանը լավն ունեմ»։

✓ Շատ հնարավոր է, որ բալիկը նախանձելու դեպքում անցնի իմիտացիայի՝ նախանձի առարկան վերստեղծելուն: Եթե ​​երեխային իսկապես դուր է եկել նոր մեքենան, որը նվիրել են ընկերոջը, նա սևեռվում է դա ունենալու գաղափարի վրա ու պարտադրում ծնողներին, որ իր համար նույնը գնեն: Կամ երևակայում է, որ արդեն ունի, պատմում է մայրիկին և հայրիկին այդ մասին:

✓ Անտեսումը նախանձի դրսևորաման մեկ ուրիշ ձև է։ Բալիկը կարող է գիտակցաբար խուսափել խաղալուց կամ շփվելուց մարդու հետ, որին նա ինչ-որ կերպ նախանձում է:

✓ Ուշադրությունը չպետք է շեղել երեխայից, եթե նա անցել է ագրեսիվ գործողությունների։  Այսպես՝ զայրացած կոտրում է ուրիշի խաղալիքը միայն այն պատճառով, որ ինքը նույնից չունի կամ պատռում է մեկ այլ երեխայի նկարած նկարը, ինչի համար տվյալ փոքրիկը ստացել էր ուսուցչի գովասանքը:

✓ Ամենից դժվար ճանաչվողը քողարկված նախանձն է․ երեխան չի ուրախանում ընկերոջ և ընկերուհու համար, որին ծնողները հեռախոս են գնել, բայց եթե հեռախոսը հանկարծ վնասվի սեփականատիրոջ կողմից, ապա ինքը ներքուստ կզգա ուրախություն և թեթևություն։

Նկատենք, որ մանկական նախանձը կարող է ընդհանրապես արտաքին դրսևորումներ չունենալ, սակայն, միևնույն է, փչացնի երեխայի տրամադրությունը։ Նման իրավիճակում երեխան ինքն անգամ չի կասկածում, որ նախանձն է իրականում բացասական հույզերի պատճառը։

 

Հուզական բեռը թոթափելու ժամանակն է

Մեծահասակները երեխայի նախանձը տեսնելիս ցանկանում են «ուղղել» նրան ու դադարեցնել զգացմունքների անցանկալի դրսևորումները։ Նրանք, երբ զայրանում են ու պոռթկում, լարվածությունը թոթափելու փոխարեն «խցանում» են հույզերի և էներգիայի հոսքը, իսկ ցանկացած հույզ ու էներգետիկ բաղադրիչ, բխի դա նախանձից, թե մեկ ուրիշ երևույթից, կուտակվելու է, փնտրելու է ելք՝ դուրսմղման նպատակով։ Երեխան դրա ազդեցությամբ կարող է դառնալ կոպիտ, ագրեսիվ կամ սկսել հիվանդանալ։ Կարիք չկա պնդելու, որ նախանձը հաճելի զգացողություն չէ, պարզապես արտահայտվող նախանձի նկատմամբ պետք է ցուցաբերել կառուցողական վերաբերմունք։ Ինչպե՞ս։ 

1) Եթե ​​նկատում եք, որ երեխան նախանձում է, լսեք առաջին հերթին ինքներդ ձեզ։ Շփոթվածությու՞ն եք զգում, ամոթ երեխայի համար հասարակության առա՞ջ, մեղավորություն նրան ինչ-որ բան չտալու համա՞ր, զայրույթ, որ նա չի համապատասխանում ձեր իդեալներին կամ վախ, որ նախանձո՞վ կմեծանա։ Կանգ առեք ու տարանջատեք անձնական զգացումները երեխայի զգացմունքներից։ Ասեք բալիկին, որ բոլոր մարդիկ կարող են ժամանակ առ ժամանակ զայրանալ ու նույնիսկ նախանձ զգալ։ Ասեք, որ եթե ինքը նախանձել է, չի նշանակում՝ չափազանց վատ մարդ է, ուղղակի ստեղծված իրադրությունը հիմա տալիս է նրան հստակ ընտրություն՝ ենթարկվել այդ զգացմանը կամ աշխատել սեփական անձի վրա։ Լսեք նրա պատմությունը, բացատրություններն ու հասկացրեք, որ կարևորը նախանձին չենթարկվելն է։

2) Նախանձի անիվը պտտեցրեք հետ։ Երեխայի ուշադրությունը կենտրոնացրեք իր անձի, իր ունեցած հաջողությունների վրա։ Մտովի վերհիշեք ու որ ավելի լավ է՝ գրի առեք նրա ունեցած հաջողությունները։ Արթնացրեք այդպիսով պոտենցիալն ու մղեք դեպի նոր նպատակներ։ Եթե ​​երեխան անկեղծ եռանդով զբաղված լինի ինչ-որ գործով, ապա նախանձի ժամանակ ուղղակի չի մնա։

3) Գիտակցեք, որ ժամանակն է երեխայի հետ խոսելու աշխարհի կառուցվածքի մասին: Փորձեք բացատրել հասանելի օրինակներով, որ մարդիկ տարբեր են։ Տարբերվում են հասակով, աչքերի գույնով, մարմնի ձևով, նյութական հնարավորությունների մակարդակով, բայց քիչ խաղալիք կամ քթի այլ ձև ունենալը պատճառ չէ թերի զգալու համար։ Ենթադրենք՝ ձեր երեխայի անունը Սաթենիկ է, այն երեխան, ում հանդեպ նա վատ է տրամադրված, Ալինան է։ Փոխանցեք բալիկին, որ ինքը Սաթենիկն է, յուրօրինակ է Սաթենիկը լինելով հանդերձ, իսկ Ալինան բոլորովին ուրիշ մարդ է։

4) Ստեղծեք սիրո պաշարներ, ինչպես որ ձմռան համար եք մուրաբաների պաշարներ պատրաստում: Ձեր աջակցությունն ու հոգատարությունը նմանը չունեցող օշարակ է  բալիկի համար, որը տալիս է նրան ինքնավստահություն։ Խանդն ու նախանձը քիչ կամ զրոյական շանսեր ունեն, երբ սերը և հանգիստ վստահությունը շողում են երեխայի ներսում: Այսպիսի դեպքում նույնիսկ որոշ բաների բացակայությունը նրա համար դժվար փորձություն չի լինի, նա ուրախ կլինի, որ իրեն սիրում են և տալիս են ամենը հնարավորության սահմաններում։

5) Անկախ ամենից՝ դադարեք համեմատություններ անել։ Հակառակ դեպքում առավելագույնը, որին դուք կհասնեք, երեխայի մեջ ընդգծված խանդի, նախանձի զարգացումն է։ Նախանձից կտրուկ ազատվել հնարավոր չի լինի, սակայն չեզոքացնել այն անհրաժեշտ է, քանզի նախանձի ժամանակ ողջախոհությունը «տապալվում է», դադարում է հարգանքը սեփական անձի հանդեպ։

 

 

 

 

Թարգմանությունը կատարելիս օգտվել ենք lifehacker.ru, psychologies.ru կայքերից