Ի՞նչ անել, երբ երեխան ստում է

Մինչև 3-4 տարեկան երեխան հստակ չի տարանջատում իրականությունը երևակայությունից, ուստի նաև չի ըմբռնում  թե ինչ է նշանակում սուտ կամ ճիշտ խոսել:

Եթե մինչև 3-4 տարեկան երեխան ստում է, դրա պատճառը կարող է լինել

  • Վառ երևակայությունը- այս տարիքում երեխաները կարծում են, որ ճիշտ է այն ամենը, ինչին իրենք հավատում են: Հաճախ երեխաներն իրենց կատարածի մեղքը բարդում են իրենց երևակայական ընկերների վրա: Երևակայական ընկերները վկայում են երեխայի վառ երևակայության մասին: Նման պարագայում ծնողը պարզապես պետք է երեխային բացաըրի, որ փոքրիկի երևակայական ընկերները իրավասու չեն կատարել այն, ինչ արել են:
  • Մոռացկոտությունը-երբ երեխան ասում է, որ, օրինակ, պատի վրա գրիչով ինքը չի գրել, նա կարող է և չստել: Պարզապես երեխան մոռացել է իր այդ արարքի մասին, կամ էլ զղջում է իր արածի համար ու ուզում է իրեն հավատացնել, որ նման բան չի արել:
  • «Անմեղ հրեշտակ» ձևանալը- Ծնողները սովորաբար հավատացած են, որ իրենց երեխան վատ բան անել չի կարող:  Դրան հավատում է նաև երեխան: Ու երբ նա վատ բան է անում, նա նախընտրում է իր այդ արարքը չնկատել:

Արդեն դպրոցական հասակում երեխան կարող է ստել` վախենալով պատժվելու հեռանկարից: Որքան խիստ է սպասվող պատիժը, այնքան ավելի

հավանական է, որ երեխան կստի:

Երբ այս տարիքի երեխան երբեմն-երբեմն ստում է, դա այդքան էլ վտանգավոր չէ:  Պարզապես ծնողները պետք է հիշեն, որ ճիշտ չէ պատժել փոքրիկին, երբ նա շատ է չափազանցնում կամ հորինում:

Սակայն երբ ստելը պարբերական բնույթ է կրում, դա արդեն մտահոգիչ է:

Ի՞նչ կարող են անել ծնողները

  • Խրախուսեք ճիշտ խոսելը

Եթե երեխան ճիշտ է խոսում, խրախուսեք նրան` շնորհակալություն հայտնելով: Փոքրիկի ամեն մի կարգազանցությունից մի կորցրեք Ձեր ինքնատիրապետումը: Օրինակ, երբ երեխան խոստովանում է, որ ինչ որ վատ կամ արգելված բան է արել, մի բարկացեք կամ պատժեք նրան, այլ  գովեք, որ ճիշտն է ասում: Եթե բարկանաք կամ պատժեք նրան, դժվար թե փոքրիկը ճիշտ խոսելը խրախուսելի համարի:  Հիշեք, որ ճիշտ վարքագծի խրախուսումը հրաշքներ է գործում և էլ ավելի ոգևորում երեխային:

  • Մի մեղադրեք երեխային

Ձեր նկատողությունները ձևակերպեք այնպես, որ երեխան ոչ թե ժխտի կատարվածը, այլ  խոստովանի:

  • Մի ծանրաբեռնեք երեխային

Ձեր չափազանց մեծ ակնկալիքներով և խստապահանջ կարգուկանոնով մի ծանրաբեռնեք երեխային: Նա այդ ամենը կամ չի հասկանա կամ ի վիճակի չի լինի  հետևել դրանց: Արդյունքում երեխան ստիպված կլինի ստել, որպեսզի չբարկացնի Ձեզ:

  • Ստեղծեք վստահության մթնոլորտ Ձեր և երեխայի միջև

Երեխան պետք է իմանա, որ Դուք հավատում եք իրեն, ինքն էլ կարող է Ձեզ վստահել: Ծնող-երեխա հարաբերություններում ամենակարևորը անկեղծությունն է: Եվ ծնողները պետք է ազնվության օրինակ ծառայեն իրենց երեխաների համար, երեխայի հետ հարաբերություններում խուսափեն կիսաճշմարտություններից և կատարեն իրենց խոստումները:

Երեխան հաճախ ստում է` առանց այդ փաստը գիտակցելու: Ծնողները պետք է սովորեցնեն նրան  ճանաչել և սիրել ճշմարտությունը:

 

Նյութն ըստ mamashkam.ru կայքի և

«Այնքա~ն ծանոթ և այնքա~ն անծանոթ... մեր երեխան»  գրքի