Երբ եւ ինչպես երեխային պատմել ճշմարտությունը Ձմեռ պապիկի մասին - մաս 1

Հարցը, թե  երբ եւ ինչպես է պետք փոքրիկին պատմել իրականութունը Ձմեռ պապիկի մասին,  մի օր անխուսափելիորեն պետք է ծառանա ծնողների առջեւ: Երբ փոքրիկը 4 տարեկան է, պետք չէ ջանալ՝ ապացուցելու, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի. նա ինքնուրույն է ստեղծում այդ աշխարհը, ապրում դրա մեջ եւ չի էլ փորձում դուրս գալ դրա միջից: Բայց երբ նա մեծանում է,  հասունանում, ընկնում «արագ գլխի ընկնող» ընկերների շրջապատ, գաղտնիքը պահելը դժվարանում է:

 

Այսպիսով, ինչ պետք է անեն ծնողները, երբ մոտենում է ճշմարտությունն ասելու ժամանակը, ինչպես պետք է ասվի այն, որ փոքրիկը հեշտորեն հաղթահարի:

Նախ՝ փոքրիկի տարիքն ինքը կհուշի երբ ասել: Բայց այստեղ կա տարբերություն ծնողների մոտեցման միջեւ՝ որոշները նախընտրում են ճշմարտությունն ասել տարրական դասարաններում, որոշները՝ ավելի ուշ՝ միջին դպրոցում: Սակայն պետք է նկատել, որ անգամ նույն ընտանիքում տարբեր անհատականությունների տեր երեխաները տարբեր ժամկետներ են թելադրում ծնողներին:   Օրինակ՝ երեխաներից մեկը կարող է խորապես տարված լինել Ձմեռ պապիկով եւ իր հավատը հասցնի մինչեւ 10 տարեկան եւ գուցե ավելի, իսկ կրտսեր քույրը կամ եղբայրը կարող է լինել կասկածամիտ եւ փորձի ճշմարտությունը ջրի երես հանել ավելի վաղ տարիքում:  Այսինքն՝ ծնողը ճշմարտությունն ասելու ժամկետ ընտրելիս պետք է հաշվի առնի փոքրիկի անհատականությունը:

Նորմալ է, որ ծնողները փորձում են մանկական հրաշքը երկարաձգել եւ փայփայում են երեխայի հավատը այնքան, որքան հնարավոր է:

Երբ փոքրիկը հարցնում է ճշմարտության մասին, նախ հասկացեք, թե ինչ է իրականում նա ուզում իմանալ: Միգուցե նա պատրաստ չէ ճշմարտությունն  ընկալել կամ ընդունել ամբողջությամբ, հետեւաբար նրբանկատորեն որոշեք ճշմարտության չափաբաժինը: Կան փոքրիկներ, որոնք ուզում են իրենց մեծ զգալ, հետեւաբար պահանջում են ծնողներից, որ իրենց ասեն ամբողջ ճշմարտությունը Ձմեռ պապիկի մասին, բայց իմանալուն պես սկսում են աղեկտուր լաց լինել: Հաշվի առեք, որ ճշմարտությունն ասելով՝ դուք ինչ-որ չափով քանդում եք այն մանկական աշխարհը, որում փոքրիկն ապրում է, հետեւաբար այն ոչ թե հիմքից քանդեք, այլ գագաթից՝ սկսելով նրանից,  որ Ձմեռ պապիկը որոշակի առումով նաեւ խորհրդանիշ է՝ սիրո, նվիրման,անակնկալի եւ այլն:

 

Շարունակելի