Ի՞նչ է պետք սովորեցնել երեխաներին, որպեսզի ապագայում ունենան լավ աշխատանք. ներկայացնում է «Gardian» պարբերականի սյունակագիր Ջորջ Մոնբիոտը:
Եթե ուզում եք ապագայում աշխատանք ունենալ, պետք է հնարավորինս տարբերվեք մեքենայից: Այսինքն՝ պետք է լինել ստեղծարար, ունենալ քննադատական միտք ու սոցիալական հմտություններ: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք երեխաներին սովորեցնում լինել մեքենաների նման:
Երեխաները լավ են սովորում, երբ ուսուցանումը տեղի ունենում իրենց բնատուր կարողություններին, էներգիային ու հետաքրքրասիրությանը համարժեք: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք նրանց շարքերում տեղավորում, ստիպում անշարժ նստել ու գլուխները լցնել հազար ու մի փաստով:
Պատանեկության տարիքում մենք հաջողության ենք հասնում համագործակցության միջոցով: Այդ դեպքում ինչու՞ է թեստերում և քննություններում համագործակցությունը կոչվում «խաբեություն»:
Կառավարություններն աղաղակում են, որ ուզում են հասնել նրան, որ հնարավորինս քիչ երեխա դուրս մնա դպրոցական կրթությունից: Այդ դեպքում ինչու՞ են նրանց ծրագրերն ու հարցաշարերն այնքան նեղ, որ դուրս են թողնում այն երեխային, որի միտքն ու մտածողությունը տարբերվում է ընդունված ձևաչափից:
Լավագույն ուսուցիչները գործի են դնում իրենց հատուկ բնավորությունը, ստեղծարարությունը և ներշնչանքը`արթնացնելու երեխայի՝ սովորելու բնազդը: Այդ դեպքում ինչու՞ է միկրոմենեջմենթը ճնշում այդ նույն հատկանիշները:
«Սովորել առանց սահմանների» հարթակի հիմնադիր Գրահամ Բրաուն-Մարտինը այս ամենի համար բացատրություն է գտել իր գրքում: Մեր դպրոցները հարմարեցված են 19-րդ դարի գործարանների պահանջները բավարարող աշխատուժի ստեղծմանը: Ցանկալի աշխատուժն այն աշխատողներն էին, որոնք ամբողջ օրը լուռ կնստեին իրենց նստարաններին, կդրսևորեին միօրինակ վարք, կարտադրեին միօրինակ արտադրանք և կպատժվեին, եթե ձախողեին վերը թվարկածը: Համագործակցելու կարողությունը և քննադատական մտածողությունը այն հատկանիշներն էին, որոնք չէին խրախուսում գործարանատերերը:
Մեր դպրոցները տալիս են հմտություններ, որոնք ոչ միայն անպիտան են, այլև անարդյունավետ: Մեր երեխաները տառապում են կյանքին հակասող, ոչ հումանիստական այս համակարգից, և հարց է առաջանում՝ հանուն ինչի՞՝ հանուն ոչնչի:
Շարունակելի
Աղբյուրը՝ The Guardian