Ինչու՞ է երեխան ստում և ի՞նչ պետք է անի ծնողը

Ներկայացնում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը:

Փոքր երեխաները մեծահասակների պես երբեմն-երբեմն խեղաթյուրում են իրենց ունեցած տեղեկատվությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ, այսինքն՝ ստում են: Միգուցե երեխան գնում է տվյալ քայլին, քանի որ ցանկություններն անիրական են թվում և ուզում է ցանկալին ներկայացնել որպես իրականություն՝ հավատալով դրան: Կա հավանականություն, որ նա նույնիսկ չհասկանա ու չընդունի՝ իր արածը ճիշտ չէ և ստել չի կարելի: Սա նշանակում է մեկ բան․ ծնողներն այնքան ուշադիր պետք է լինեն, որ կարողանան տարբերակել այն մեղմ սահմանը, որտեղ երեխայի տարիքին բնորոշ երևակայական մտքերը, հորինված պատմությունները  փոխարինվում են հստակ, գիտակցված ստով:

Երեխայի ստի հիմքում ընկած մյուս հնարավոր պատճառը պատժվելու վախն է: Նա, վստահ լինելով, որ իրականությունն ասելու պարագայում պատիժը չի ուշանա, խուսափում է ճշմարտությունը հայնտելուց: Շատ հաճախ ծնողն ինքն է երեխային ներգրավում «ստելու արվեստի» մեջ, օրինակ՝  «Տատիկին չհայտնես՝ այսօր ուր ենք գնացել», «Կասես դասին պատրաստ չեմ, քանի որ հիվանդ էի», «Զանգին պատասխանիր և ասա՝ տանը չեմ»: Ծնողի մասնակցությունը երեխայի ստին խոսում է դրա արդարացման մասին, երեխայի մոտ ստի ամրապնդմանը տանող ուղիղ, կարճ ճանապարհ է: Բալիկը, որն իդեալականացնում էր ծնողներին, կմտածի՝ «Եթե ստելը լավ բան չէ, ուրեմն ինչու՞ են մայրիկն ու հայրիկը խաբում»:

Ցանկացած դրսևորման հանդեպ ծնողը պետք է ցուցաբերի համարժեք հաստատուն մոտեցում: Երբ մի դեպքում փոքրիկի սուտը ծնողի կողմից արդարացվում է, իսկ մյուս դեպքում՝ արժանանում քննադատության, ապա երեխան ծնողի կողմից չի ստանում երևույթն ադեկվատ գնահատելու և դրա հետ աշխատելու հնարավորություն: Բալիկի շարունակաբար ստելու պարագայում ծնողը պետք է փնտրի պատճառները, վերանայի իր դաստիարակության ձևը ու ոչ թե օգտագործի «Քեզ չեմ հավատում, մեկ անգամ էլ սուտ խոսես...» ոչ կառուցողական արտահայտությունը: Անհրաժեշտ է բացառել նախատինքը, երեխայի հետ անկեղծ լինել սեփական օրինակով և սովորեցնել նրան անկեղծություն:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան