Ո՞ր տարիքից փոքրիկին կարելի է օտար լեզուներ սովորեցնել

Շատ ծնողների է հետաքրքրում, թե երեխայի համար որն է օպտիմալ տարիք օտար լեզուներ սովորելու համար: Այս հարցին միանշանակ պատասխան չկա:

Որոշ մանկավարժներ արդյունավետ են համարում ծննդյան իսկ պահից երեխայի հետ օտար լեզուներով խոսելը. դա երեխային կսովորեցնի, որ հնչյունների և ձայների աշխարհը բազմազան է, կզարգացնի նրա լսողությունը:

Մանկավարժների հիմնական մասը, սակայն, կարծում է, որ մինչև երեք տարեկանը օտար լեզուների ուսումնասիրությունը անիմաստ գործ է:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաներն ավելի հեշտ են սովորում օտար լեզուներ, քան մեծահասակները:

Ֆիզիոլոգների կարծիքով` մինչև 9-10 տարեկան հասակը երեխան ամենաընկալունակն է լեզուներ սովորելու  համար. երեխան այս տարիքում խոսքին տիրապետելու վարպետ է: 10 տարեկանից հետո երեխայի ուղեղի խոսքային կենտրոնն այլևս կորցնում է իր ճկունությունը և չի կարող հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին:

Մասնագետների մեծամասնության կարծիքով երեխաներին օտար լեզուներ սովորեցնելու լավագույն տարիքը 3-10 տարեկան հասակն է, որից ամենաարդյունավետը 5-8 տարեկան հասակն է, երբ երեխան յուրացրել է մայրենի լեզվի    համակարգը և նոր լեզվին գիտակցաբար կվերաբերվի: