Զբոսանքի գնալիս փոքրիկի մաշկին պե՞տք է քսել արևապաշտպան քսուք

Ներկայացնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Աննա Մխիթարյանը։

Ամռանը ջերմային հարված ստանալու ռիսկը բավականին բարձր է։  Սա ամենևին չի նշանակում, որ հարկավոր է ողջ օրն անցկացնել տանը և չգնալ զբոսանքի երեխայի հետ։ Պարզապես դուրս գալիս անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք օգտակար կլինեն թե՛ բալիկի, թե՛ ծնողի համար։

Նախ՝ հարկավոր է տանը մնալ արևի ուժեղ դրսևորման ժամերին՝ կեսօրյա հատվածում  կամ տվյալ ժամանակ գտնվել ստվերաշատ վայրերում՝ ծառի տակ, հովանոցի ներքո։ Փոքրիկներին կարելի է հագցնել երկարաթև բամբակյա, ազատ ոճի հագուստ՝ պաշտպանելով մարմնի բաց տեղամասերը։ Պետք է ընտրել լայն երիզով գլխարկ, որպեսզի ծածկվեն գլուխը, պարանոցն ու ականջները։ Մեծ տարիքի երեխաները կարող են կրել արևային ակնոց։ Իհարկե, չպետք է մոռանալ արևապաշտպան քսուք կիրառելու մասին ևս (նվազագույնը 15 SPF)։ Դա քսում են նախապես՝ տնից դուրս գալուց 30 րոպե առաջ, թարմացնում երկու ժամը մեկ։ Նախքան քսուքի ամբողջական կիրառումն անհրաժեշտ է փոքրիկ չափաքանակով փորձ կատարել մաշկի սահմանափակ հատվածի վրա, որպեսզի ստուգվի ալերգիկ ռեակցիան։

Հավելենք՝ խորհուրդ չի տրվում արևապաշտպան քսուքներ օգտագործել մինչև վեց ամսական երեխաների շրջանում, իսկ եթե արևի տակ գտնվելն անխուսափելի է լինելու, ապա քսում են բարակ շերտով, այն էլ միայն դեմքին ու ձեռքերին։

 

Աղբյուր՝ Աննա Մխիթարյանի ինստագրամյան էջ