Ինչպես սովորեցնել երեխային խոսել

Զարգացում

Առաջին բառերը երեխաները սկսում են արտաբերել կյանքի առաջին 9-18 ամիսների ընթացքում: Խոսքի ձևավորման հարցում մեծ նշանակություն ունեն միջավայրն ու մեծահասակները:

Երեխայի հետ պետք է խոսել հանգիստ, մեղմ, սիրալիր տոնով, բառերը արտաբերել դանդաղ, առանց աղճատումների: Որքան շատ բառեր են արտաբերում երեխաների ներկայությամբ, այնքան ավելի շուտ է նա սկսում խոսել:

Լոգոպեդ Շուշանիկ Տիտանյանի խոսքով` պարտադիր չէ, որ երեխայի բառապաշարը հարուստ լինի, որ կարողանա կապակցված խոսք արտաբերել:

1 ու կես տարեկանում երեխան արտաբերում է ոչ միայն բառեր, այլեւ երկու-երեք բառերից կազմված նախադասություններ: Խոսքի զարգացման ակտիվ շրջանը 2-3 տարեկանն է: 3 տարեկան երեխայի բառապաշարը պետք է ընդգրկի 1000-1500 բառ: Եթե այս ընթացքում նկատվում է խոսքի բացակայություն կամ պասիվություն, պետք է դիմել բժշկի:

Փոքրիկ Եվան 4 տարեկան է: Մեկ տարուց ավելի է՝ լոգոպեդը նրա հետ պարապում է հատուկ ծրագրով` օգնում է խոսել:  «Բժշկի դիմելուց առաջ նկատեցի, որ երեխայի խոսքը հասակակիցներից հետ է մնում, մասնավորապես 3 տարեկանում նա միայն մի քանի բառ էր արտասանում»,-պատմում է երեխայի մայրը:

Լոգոպեդը բացատրում է, որ այդ դեպքերում կարող են լինել արտաբերական համակարգի ու  ընկալման խնդիրներ, մտավոր հետամնացություն:

Խոսքի հապաղման պատճառները պարզելու համար պետք է կատարել ընդհանուր հետազոտություն: Հապաղումը կարող է ունենալ ժառանգական նախատրամադրվածություն: Բայց նույնիսկ այս դեպքում երեխան պետք է ակտիվ արձագանքի խոսքային հրահանգներին, շփման այլ տարբերակներ ընտրի: Եթե պատճառները ֆիզոլոգիական չեն, երեխայի հետ աշխատում են լոգոպեդն ու հոգեբանը` հատուկ խաղերի և վարժությունների միջոցով` նպաստելով խոսքի զարգացմանը:

 

Արմնյուզ

Բուժակ

Գովազդ