Հետազոտություն. մոր ձայնը կարող է փոխել երեխայի բնավորությունը

Զարգացում

Գիտնականները բացահայտել են, որ երեխայի լացը կարող է ինտոնացիայի տարբեր դրսեւորումներ ունենալ, ինչից  մայրիկը կարող է գլխի ընկել, թե ինչ է ուզում բալիկը:

Անգամ մինչեւ  3 ամսական փոքրիկները կարող են լացի ինտոնացիայով արտահայտել իրենց ցանկությունները:  Հետազոտողները պնդում են, որ նրանց ձայնը կարող է տարբերակիչ երանգներ ունենալ` տխուրից ուրախ: Այնպես որ, մայրերը պետք է ականջ դնեն փոքրիկներին: Կանայք պետք է փորձեն խոսել փոքրիկի հետ ուրախ ձայնով, քանի որ երեխաներն արձագանքում են մայրիկի ձայնին: Եվ եթե այն տխուր է, փոքրիկը կարող է լաց լինել: Լոնդոնի համալսարանի փորձագետները բացահայտել են, որ կարեւոր է նաեւ մոր հայացքը: Մայրիկի ձայնի ու հայացքի միջոցով էմոցիոնալ միջավայր է ստեղծվում, ինչն էլ կարող է ազդել երեխայի բնավորության ձեւավորման վրա: Մասնագետների կարծիքով` 7 ամսականում փոքրիկներն արդեն կարող են տարբերակել ձայները, ինչպես, օրինակ, հազը կամ հորանջելը: Հետազոտությանը ներգրավված մասնագետ Աննա Բլասիի խոսքով` կնոջ ձայնը կարեւոր սոցիալական ազդանշան է, որը փոքրիկի ուղեղը վերլուծում է եւ արձագանքում: Սա կարող է  էական քայլ լինել շփման եւ լեզուներ սովորելու գործում:

Առավել խորացված հետազոտության համար փորձագետներն օգտագործում են մագնիսական ռեզոնանսային նկարը, որպեսզի ֆիքսեն երեխայի ուղեղն ու չափեն արյան շրջանառությունը: Հետագայում այս հետազոտությունների հիման վրա  կսահմանվեն երեխայի զարգացման ընթացքում նկատվող ռիսկերը եւ կկանխեն այնպիսի հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, աուտիզմն է:

 

 

Գովազդ