Օգնում ենք երեխային՝ կատարելու առաջին քայլերը

Զարգացում

Մայրիկի ու հայրիկի համար երեխայի առաջին քայլերը սպասված են և ուրախացնող: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ երեխան պատրաստ է՝ կատարելու իր առաջին քայլերը, ինչպե՞ս օգնել նրան:

Չկա հստակ ժամանակ, թե երբ պետք է երեխան քայլի: Ինչ-որ մեկը սկսում է քայլել 8-9 ամսականում,  մյուսը «ծուլանում է» ու քայլում է մեկ տարեկանում: Սա ինդիվիդուալ է: Մենք՝ ծնողներս, կարող ենք օգնել մեր փոքրիկին ավելի շուտ սկսել քայլել: Սրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե երբ է փոքրիկը պատրաստ՝ կատարելու առաջին քայլերը:

Երեխան քայլելուն պատրաստ է, եթե

  • Կարողանում է ամուր նստել
  • Չոչ է անում առանց դժվարությունների
  • Ամուր կանգնում է՝ հենվելով ինչ-որ բանի
  • Դարձյալ հենարանի օգնությամբ, առանց դժվարության կարողանում է կանգնել ու նստել:

Երեխայի հենաշարժողական ապարատը պատրաստ է հաջորդ քայլին: Գնացինք:

Քայլ առ քայլ...

  • Թաթիկից բռնած: Շատ կարևոր է՝ երեխան իմանա, որ քայլելը հետաքրքիր է, այլ ոչ վտանգավոր ու վախենալու: Փոքրիկի համար հենարանից հրաժարվել ու ազատ քայլել այդքան էլ հեշտ չէ: Բռնեք փոքրիկի երկու թաթիկներից ու միասին դադաղ քայլեք:
  • Սովորում ենք կանգնել: Որպեսզի երեխան կարողանա քայլել, պետք է կարողանա ամուր կանգնել: Երբեմն փոքրիկները ոչ թե վախից, այլ մկանների թուլության պատճառով չեն կարողանում կանգնել: Եկեք դիմենք խորամանկության: Փոքրիկի սիրելի խաղալիքը դրեք աթոռին, որպեսզի երեխան ձգվի և վերցնի այն:
  • Երևակայական հենարան: Երբեմն երեխան վախենում է քայլել, երբ ազատ են ձեռքերը: Երեխային տվեք սիրելի տիկնիկը, խաղալիքը, որպեսզի նրա համար ստեղծվի երևակայական հենարան:
  • Շարժման ազատություն: Որքան շատ երեխան շարժվի, ընկնի, վեր կենա, այնքան հեշտ կլինի քայլելու գործընթացը: Եղեք երեխայի կողքին, որպեսզի ճիշտ ժամանակին հասնեք օգնության, երբ փոքրիկ չարաճճին չկարողանա պահել հավասարակշռությունը:

​Ահա այն խորհուրդները, որոնցով կարող եք օգնել երեխային ավելի շուտ կատարել առաջին քայլերը:

Աղբյուրը՝ Vospitaj.com

 

Գովազդ