Ի՞նչ կարող է անել ծնողը երեխայի ճիշտ զարգացման համար

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի իր երեխայի  ներդաշնակ զարգացմանը։ Իսկ ինչպե՞ս օգնել նրան այդ հարցում։



 
13-17  ամսականում 

  • Անհրաժեշտ է շարունակել երեխայի խոսքի զարգացումը՝ կարդալով, խոսելով երեխայի առօրյայի մասին, անվանելով շրջապատի առարկաները, մշտապես ուշադրության արժանացնելով և գովելով երեխայի խոսելու փորձերը,
  • հետևողականորեն պահպանեք երեխայի օրվա ռեժիմը։ Հարկ եղած դեպքում կտրուկ ասեք՝ «ոչ»,
  • տվեք հասարակ խաղալիքներ, որոնք երեխան կարող է քանդել և նորից հավաքել,
  • եթե երեխան ուսումնասիրելու նպատակով ջարդում է խաղալիքը, մի' բարկացեք,
  • տվեք կափարիչներով պլաստմասե ամաներ, որպեսզի երեխան բաց և փակի դրանք,
  • խորանարդիկներից աշտարակ կառուցեք։ Թող երեխան քանդի այն և փորձի նորից հավաքել,
  • խաղալու համար անվտանգ միջավայր ապահովեք։ Որոշակի հսկողության պայմաններում թույլ տվեք երեխային քայլել, խաղալ գնդակով,  հետաքրքրվել շրջապատով և ուսումնասիրել այն,
  • երեխային ցույց տվեք, թե ինչպես կարելի է խաղալ զանազան խաղալիքներով,
  • պետք է խրախուսել նմանակումը,
  • մոր հետ սերտ կապից երեխան աստիճանաբար անցնում է դեպի որոշակի ինքնուրույնության։ Անցումային այս շրջանում կարևոր է երեխային հանգստացնող առարկաների դերը ( փոքր վերմակ, փափուկ խաղալիք)։  

18-23 ամսականում 

  • Երեխայի սիրելի հեքիաթներում բաց թողեք կարևոր բառերը, որպեսզի երեխան լրացնի (արտասանելով) դրանք,
  • տվեք երեխային այն խաղալիքները, որոնցով նախընտրում է խաղալ,
  • թույլ տվեք երեխային թերթել և նայել որոշ գրքեր կամ ամսագրեր,
  • նախօրոք տեղյակ պահեք երեխային, եթե մտադիր եք փոխել արդեն որոշված  գործողությունները,
  • եթե Ձեր փոքրիկը որևէ սխալ արարք է անում, բացատրեք, թե որն է սխալը,
  • սահմանափակեք հեռուստացույց դիտելու ժամանակը։ Թույլ մի՛ տվեք, որ հեռուստացույցը դառնա Ձեր երեխայի «դայակը»,
  • բառապաշարի հարստացման, խոսքի և լսելու ընդունակության զարգացման նպատակով պետք է քնելուց առաջ կանոնավոր գիրք կարդալ երեխայի համար,
  • խրախուսեք ինչպես ակտիվ և հանգիստ, այնպես էլ նմանակող խաղերը,
  • պետք է երեխային պարզ հանձնարարություններ տալ (օրինակ՝ հավաքել խաղալիքները),
  • մի՛ մոռացեք գովել երեխային լավ վարքագծի համար,
  • ընտրության հնարավորություն տվեք,
  • խրախուսեք ինքնասպասարկման փորձերը:

 

Աղբյուրը՝  առողջապահության նախարարության «1-2  տարեկան  երեխայի զարգացումը և դաստիարակման գաղտնիքները» ուղեցույց