Ինչպե՞ս ապահովել երեխայի հետաքրքիր ու օգտակար առօրյան, երբ ստիպված եք մնալ տանը․ հոգեբանի խորհուրդները

Զարգացում

«Իմ փոքրիկ»-զրուցել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի հոգեբան Վարսիկ Սենեքերիմյանի հետ։

- Հատկապես կարանտինային օրերին ինչո՞վ կարելի է զբաղեցնել երեխաներին. ի՞նչ տարբերակներ կառաջարկեք։ 

- Եթե խոսենք նախադպրոցական տարիքի երեխաների մասին, ապա շատ կարևոր է հաշվի առնել որոշակի տարիքային առանձնահատկություններ։ Օրինակ՝ 1-2 կամ մինչև 3 տարեկան երեխաների դեպքում լավ կլինի տան պայմաններում կազմակերպել մանր մոտորիկան զարգացնող խաղեր, վարժություններ։ Դրանք կարելի է անել ձավարեղենով, խմորով, մանր հատիկներով, այսինքն՝ օգտագործել այնպիսի բաներ, որոնք հնարավորություն կտան երեխային որոշակի ժամանակ կենտրոնացած խաղալ, զարգացնել մանր մոտորիկան։ Կարեւոր է նաև, որ հայրիկը կամ մայրիկը ներգրավվածություն ունենան խաղում։ 3-4 տարեկան երեխաների համար լավ կլինի կազմակերպել խաղեր, որոնք կօգնեն գույների, երկրաչափական պատկերների ուսուցմանը, մեծի և փոքրի հասկացողության զարգացմանը։ Այդ խաղերը կարելի է կազմակերպել տանը՝ երեխայի խաղալիքների օգնությամբ։ Օրինակ՝ եթե տանը կան գնդակներ, խորանարդեր, կարելի է երեխաների հետ քննարկել դրանց ձևն ու գույները։ 4-ից 7 տարեկան երեխաների համար դերային խաղերը լավ տարբերակ են․ կարելի է տիկնիկներով, մեքենաներով կամ փափուկ խաղալիքներով մտածել սյուժե, փորձել հասկանալ՝ ինչ տիպի խաղերներն ու խաղային սցենարներն են երեխային դուր գալիս։ Այստեղ նույնպես կարևոր է, որ մայրիկը կամ հայրիկը մասնակցեն այս խաղին։ Բոլոր դեպքերում պետք է հաշվի առնել երեխայի անձնային առանձնահատկությունները, օրինակ՝ եթե երեխան ամաչկոտ է, թողնել, որ հերոսի դեր խաղա, որտեղ նա ինչ-որ բաներ է հաղթահարում և օգնում ընտանիքի անդամներին։ Հատկապես կարանտինային օրերին շատ կարևոր է՝ երեխայի առօրյան լինի ռեժիմով, չշեղվի նախկին ռեժիմից, անգամ արթնանալու ժամը չփոխվի, ունենա օրվա ակտիվ ժամեր, խաղա ֆիզիկական ակտիվություն ենթադրող խաղեր։ 

 

- Ինչպե՞ս զարգացնել երեխայի մտավոր ունակությունները հաճելի և զվարճալի տարբերակներով։ 

- Մինչև 7 տարեկան երեխային առանց խաղի որևէ բան սովորեցնել չենք կարող։ Ամեն դեպքում, երեխայի զարգացումն առանց խաղի հնարավոր չէ։ Կարևոր է հաշվի առնել՝ խաղը կազմակերպելիս ինչ նպատակ ենք մեր առաջ դնում։ Սա օգնում է հասկանալ խաղի կազմակերպման մեթոդը։ Այն ամենը, ինչը շրջապատում է երեխային, կարելի է այլընտրանքային խաղի վերածել (պլաստիկե շշեր, բաժակներ (մեկանգամյա օգտագործման))։ Կախված տարիքից՝ կարևոր է հաշվի առնել՝ ինչն է երեխայի զարգացման համար կարևոր։ Նման խաղեր կազմակերպելիս պետք չէ մեծ նպատակներ դնել․ օրինակ՝ եթե որոշել ենք երեխային սովորեցնել գույները, պետք չէ առաջին իսկ անգամից ակնկալել, որ նա միանգամից կսովորի, ասենք, հինգ գույն։ Կարելի է սկսել երեք գույնից, դա կապել երեխայի առօրյայի հետ։ Օրինակ՝ արի տան մեջ փնտրենք կարմիր գույն ունեցող առարկաներ։ Կամ պետք չէ նպատակադրվել, որ երեխան միանգամից պետք է սովորի 1-ից 10-ը հաշվել։ Պետք է երեխային ասել՝ արի հաշվենք՝ տանը քանի աթոռ ունենք։ Ըստ դրա՝ արդեն կհասկանաք երեխայի պոտենցիալը, այսինքն՝ մեկ փորձից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։

 

 

Շարունակելի

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ