Երեխայի խոսքը. hոգեբանը բացատրում է, թե ինչ պետք է կարողանա արտաբերել փոքրիկը և երբ պետք է անհանգստանալ

Զարգացում

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը։

Երեք ամսականում երեխան արդեն պետք է իր հայացքով հետևի շուրջը տեղի ունեցող ինչ-որ շարժի, պետք է ժպտա, երբ իր հետ խոսում են, պետք է արձագանքի իրեն ուղղված խոսքին: 

7-ից 9 ամսականում երեխան պետք է տեսնի, երբ իրեն ինչ-որ բան են ցույց տալիս, նա պետք է շրջվի, նայի այն առարկային կամ երևույթին, որն իրեն ցույց են տալիս: 

8-9 ամսականում երեխան արդեն պետք է կարողանա երկու հնչյունից կազմված վանկեր կրկնել, որոնք ծնողները սովորաբար նմանեցնում են բառերի: 

Արդեն 1 տարեկանում երեխան պետք է սկսի իմաստավորված բառեր ասել, բայց եթե նա մինչև 18 ամսականը որևէ բառ չի ասում, մենք պետք է անհանգստանանք: Տարածված թյուր կարծիք կա, որ եթե երեխան մինչև 3 տարեկանը չի խոսում, ապա անհանգստանալու և մասնագիտական օգնության դիմելու կարիք չկա: Սա տարածված թյուր կարծիք է, քանի որ մասնագետները պնդում են, որ եթե երեխան մինչև 18 ամսականը չի սկսում իմաստավորված բառեր օգտագործել, պետք է փորձել պարզել խնդրի պատճառը: Որքան երեխային ուղղված խոսքը բարդ է և անհասկանալի, ծավալի և քանակի առումով շատ է, այնքան երեխայի համար դժվար է այն վերամշակել և վերածել խոսքի: Մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք երեխաների, որոնք գույներն ասում են տարբեր լեզուներով, թվերն են ասում տարբեր լեզուներով, բայց դեռևս չունեն լիարժեք ձևավորված խոսք: Կարծում եմ, որ պետք է երեխային թույլ տալ նախ լիարժեք ձևավորել իր խոսքը՝ կյանքի համար անհրաժեշտ իրավիճակներում կիրառելիության մակարդակով: Այսինքն՝ երեխան, նախ, պետք է ձևավորի իր խոսքը, որպեսզի կարողանա հայտնել իր կարիքները, շփվել մեծահասակների հետ, բակում շփվել և խաղալ իր հասակակիցների հետ: 

Միայն այս մակարդակով մայրենի լեզուն յուրացնելուց հետո կարելի է մտածել երկրորդ լեզվի ուսուցման մասին: Խոսքի զարգացման համար կարևոր են նաև երեխայի հետ շփումը և համատեղ զբաղմունքները: Այս պարզ կենցաղային իրավիճակներում շփումը կարող է նպաստել երեխայի խոսքի զարգացմանը: Պարզապես պետք է սահմանափակել տարբեր լեզուների ազդեցությունը երեխայի վրա՝ նախքան նրա խոսքի լիարժեք ձևավորումը, պետք է խուսափել տարբեր էլեկտրոնային սարքավորումների հետ երեխայի տևական շփումը, քանի որ սա ոչ թե կենդանի շփում է, այլ երեխայի կողմից պասիվ խոսքի ընկալում:

Գովազդ