1-2 տարեկան երեխայի խոսքի զարգացումը

Զարգացում

1 տարեկանում երեխան բավականին հասկանում է առօրյա, կենցաղային խոսքը, իր անվանը հստակ արձագանքում է։ Կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ եթե երեխային միշտ չեք դիմում անունով, այլ ամեն անգամ մի փաղաքշական տարբերակով, ապա շատ հնարավոր է, որ իր անունը հաճախ չլսելու պատճառով չի էլ ճանաչում։ Երեխային կարելի է և պետք է փաղաքշական տարբերակներով դիմել, բայց անունով ևս դիմեք և ավելի շատ քան մնացած տարբերակներով։

Այս տարիքում երեխան հետաքրքրվում է շրջապատի մարդկանցով և իրերով, ճանաչում է ընտանիքի անդամներին, տարբերում է ծանոթներին անծանոթներից, ընդօրինակում է մեծերին (խոսքը, շարժուձևը, վարքը), հույզերն արտահայտում է դիմախաղով և վարքով, տարբերակված ուրախանում է կամ տխրում, նեղանում է և դա ցույց է տալիս վարքով (չի թողնում, որ նեղացնողը իրեն գրկի, խեթ֊խեթ նայում է, չի վերցնում ինչ առաջարկում է, թաթիկներով կարող է փակել դեմքը և այլն), կարողանում է կատարել պարզ հրահանգներ։

Օրինակ՝ ցու՛յց տուր լույսը, բարևի՛ր, թաթիկով ցտեսություն ասա՛ և այլն: Իհարկե վերը թվարկվածները կանի, եթե սովորեցրել եք, մի քանի անգամ ցույց եք տվել լույսը, ձեռքով ցտեսություն եք արել, անվանել եք հաճախ։ Երեխան ունի որոշակի խաղային գործունեություն, կարողանում է խաղալ միայնակ, դիմում է մեծի օգնությանն ըստ անհրաժեշտության, խաղերը պարզ են և ավելի շատ ընդօրինակում են մեծերին։

Խոսքի ընկալումը ակտիվ շարունակում է զարգանալ, երեխայի մոտ հարստանում է պասիվ բառապաշարը (երբ երեխան հասկանում է բառերի իմաստը, բայց դեռ չի արտաբերում):

Սովորաբար առաջին բառերն ի հայտ են գալիս 9 ամսականից 1 տարեկան 6 ամսականն ընկած ժամանակահատվածում: Դրանք հիմնականում նույն վանկն ունենցող բառեր են։ Օրինակ՝ մամա, պապա, տատա, դադա, գագա և այլն։ Թոթովանքի շրջանում արտասանվող բառային շղթաները կոնկրետանում են ու ուղղվում մեկ անձի։ Երեխան հեշտ է ընդօրինակում ձայները, օրինակ՝ կենդանիների՝ մու, մյաու, հաֆ-հաֆ, մեքենայի, գնացքի, ինքնաթիռի՝ վու՜: Կարող է արտաբերել բառի առաջին վանկը կամ բառի բարձր հնչեղություն ունեցող վանկը, օրինակ՝ ավտոմենքենայի դեպքում՝ ատո, կոնֆետի դեպքում՝ կա, հեռախոսի դեպքում՝ ալո, ջրի դեպքում՝ բվա, ուտել է ցանականում՝ ամ, կանչում է՝ այի, տուր՝ տույ, և այլն:

Այս վանկերը կոնկրետ իրավիճակում կոնկրետ նշանակություն ունեն, և դրանք այս տարիքի համար բառեր են։ Օրինակ՝ բվա ասում է, երբ ջուր է ուզում, հյութ կամ բաժակ է տեսնում, վու ասում է, երբ տեսնում է մեքենա, ինքնաթիռ կամ ձայն արձակող որևէ առարկա: Սրանք ուղղակի վանկեր չեն, սրանք բառի նախատիպերն են, որոնք հետո ավելի հստակ են արտասանվում և բոլորին հասկանալի բառեր դառնում: Սկզբնական շրջանում մեկ վանկը կարող է ընդհանրական նշանակություն ունենալ։ Օրինակ՝ բվա կարող է ասել, երբ ջուր է ուզում խմել, երբ հյութ է ուզում խմել, երբ որևէ մեկը ջուր է խմում, ցայտաղբյուր է տեսել և այլն:

Այս տարիքում փոքրիկները հաճախ մատիկով ինչ-որ բան են ցույց տալիս ու ասում «ԸԸԸ….»։ Սա հրաշալի հնարավորություն է խոսքի զարգացմանը նպաստելու համար: Եթե հասկանում եք ինչ է ուզում, անվանեք առարկան մի քանի անգամ և տվեք, բայց ոչ թե ինքնաբերաբար մի քանի անգամ բառը կրկնեք, այլ կառուցեք երկխոսություն և կիրառեք այդ բառը։ Օրինակ՝ ի՞նչ ես ուզում, գնդա՞կ ես ուզում, գնդակը աթոռի մոտ է, ահա, վերցրու գնդակը:

Մատիկով ցույց տալու և առարկան անվանելով տալու պրոցեսը՝ երեխային սովորեցնում է, որ յուրաքանչյուր առարկա ունի իր անվանումը, և երեխան սկսում է բառերը հասկանալ: Երբ պասիվ բառապաշարը հարստանում է, քիչ-քիչ այդ բառերը արտաբերում է (ակտիվ բառապաշար): Երբ մեկ տասնյակից ավելի բառ է ունենում, փորձում է կապել իրար, կարծես խոսում է բառակապակցություններով։ Օրինակ՝ մամա այի, ատո տու, ջու տու, կուբի դիյ և այլն: Կան երեխաներ, որ միանգամից ավելի պարզ են արտաբերում բառերը:

Հետո այդ բառակապակցությունները դառնում են փոքրիկ նախադասություններ, երբեմն մի քիչ թարս ու շիտակ, բայց շատ քաղցր ու անուշիկ։ Երբ երեխան հետաքրքրված ինչ-որ առարկայի է նայում, մոտեցեք, եթե հնարավոր է, մոտեցրեք առարկան, շոշափեք, մեկնաբանեք, խոսեք երեխային հասկանալի լեզվով, համեմատեք մեկ այլ առարկայի հետ: Առօրյայում ձեր կատարած գործողությունները մեկնաբանեք, բայց ոչ թե ուղղակի խոսելով, այլ փորձելով երեխային ցույց տալ, հայացքով կոնտակտ հաստատելով, ձայնի էմոցիոնալ ելևէջներով:

Երեխայի խոսքի զարգացումը ամեն ամիս ավելի պիտի զարգանա՝ նախորդ ամսվա համեմատ։ Ավելի շատ բառեր պետք է հասկանա և արտաբերի: 2 տ․ մոտ երեխան պետք է ունենա 100֊200 բառ (երբեմն ավելի)։

 

Հեղինակ՝ Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի լոգոպեդ Մարիամ Պետրոսյան

Գովազդ