Ի՞նչ պետք է կարողանա անել 6-9 ամսական երեխան

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։ 

Զարգացման ի՞նչ փուլ է սկսվում երեխայի մոտ

Կարծում եմ՝ սա ամենահետաքրքիր և ամենազբաղված փուլն է:

Բացի նրանից, որ երեխան ձեռք է բերում նոր հմտություններ, աշխարհը ճանաչելու նոր ունակություններ, նաև բազմազան է դառնում նրա սնունդը: Նա սովորում է ընդունել կողմնակի սնունդ: Սովորում է՝ ինչպես պետք է կծել, ծամել և կուլ տալ: Ինչպես նաև սկսում է ընդունել տարբեր համեր և դրանցից ընտրում իր համար ամենասիրելիները կամ մերժում որոշները: Սա այն ժամանակաշրջանն է, երբ ծնողը պետք է տա հավելյալ սնունդ, պետք չէ կորցնել այս ժամանակը, քանի որ ուշացնելով ինչ-ինչ պատճառներով՝ կարող ենք ունենալ, այսպես ասած, տոլերանտության պատուհանի փակում, երբ երեխան սկսում է հրաժարվել հավելյալ սննդից: Այս տարիքում խիստ կարևոր է հավելյալ սնունդը հետևողականորեն ներմուծել:

Ի՞նչ պետք է կարողանա անել 6-9 ամսական երեխան

Արդեն ճանաչելով ընտանիքի անդամներին՝ ձգվում է դեպի նրանց: Այս շրջանում սկսում է ցույց տալ իր հույզերն ու ապրումները, այսինքն՝ լացում է, երբ միայնակ է կամ անտեսված: Երեխան ձեռք է բերում ծնողների հետ խաղալու և զբաղվելու հմտություններ: Օրինակ՝ հաճույքով խաղում է «ծիկ», երբ ծնողը թաքնվում է և հետո հայտնվում նրա տեսադաշտում: Ուրախանում է, փորձում է կրկնել ծնողի կատարած շարժումները։ Ինքնասպասարկման ոլորտում նկատվում է նոր հմտություն. երեխան սկսում է ինքուրույն ինչ-որ բան ուտել, վերցնել ու տանել բերանը, շոշափել առարկաները: Հայացքով փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան:

 

Նյութը պատրաստեց Մոնիկա Մամյանը

Գովազդ