Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի նախագիծը սահմանում է, թե որոնք պետք է լինեն նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքները։
Վաղ մանկության տարիքի առաջին խումբ (մինչև 1 տարեկան)
Շարժողական ոլորտ
- Երեխան կարողանում է սողալ, մագլցել, կքանստել և կանգնել, բարձրանալ ոչ բարձր առարկաների վրա (արկղ) և իջնել դրանց վրայից, անցնել գերանի վրայով.
- կարողանում է առանց հենվելու և բռնվելու որևէ առարկայից նստել.
- կանգնած դրությամբ թեքվել և ուղղվել առանց ոտքերը շարժելու.
- սկսում է ինքնուրույն քայլել, մեկ առարկայի վրայից անցնել մյուսին.
- ձեռքերով հենարանից բռնած բարձրանալ և իջնել աստիճանի և բլրակի վրայից.
- կարողանում է քայլել մեծի ցույց տված ուղղությամբ, քայլել գլորած առարկայի հետևից:
- կարողանում է ակտիվ գործողություններ կատարել առարկաներով որոշակի արդյունքի համար՝ մեկ առարկան դասավորել մյուսի մեջ, բացել և փակել արկղի կափարիչը, օղակն անցկացնել ձողի վրա և հանել, նետել առարկան.
- կատարում է պարային պարզ շարժումներ ուրախ, առույգ և հանգիստ նվագակցությամբ.
- դրական է արձագանքում մերսմանը, կոփման միջոցառումներին.
- բռնում է գլխավերևում կախված խաղալիքը.
- մեծահասակի ձեռքից վերցնում է խաղալիքը.
- բռնում է խաղալիքը, պահում է երկար, զբաղվում է դրանով, փոխանցում է մի ձեռքից մյուսը, թափահարում է, ցած է նետում
- խաղալինքերով կատարում է նմանողական շարժումներ (կրկնօրինակում է մեծերի շարժումները):
Խոսքի և հաղորդակցության ոլորտ
- երեխան կատարում է մեծերի հետ հաղորդակցվելու փորձեր.
- արձագանքում է իրեն ուղղված խոսքին համապատասխան վարքային դրսևորումներով.
- արտաբերում է միավանկ և նույն վանկից կազմված բառեր։
Իմացական ոլորտ
- երեխան ինքնուրույն տեղաշարժվելով տարածության մեջ ծանոթանում է իրեն շրջապատող առարկայական աշխարհին.
- առարկաներով կատարում է հարաբերակցված գործողություններ.
- ճանաչում է իրեն ծանոթ դեմքեր, առարկաներ։
Հուզական, սոցիալ-անձնային ոլորտ
- երեխան՝ արձագանքում է ծանոթ մարդկանց հուզական դրսևորումներին.
- արձագանքում է արտաքին աշխարհից եկող ազդակներին հուզականությամբ.
- արձագանքում է իր անվանը, հետաքրքրություն է ցուցաբերում սեփական մարմնի հանդեպ, ուսումնասիրում է շրջապատող առարկաներն ու խաղալիքները, մարդկանց դեմքերը.
- ձգտում է ինքնուրույնության գործողություններում։
Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ
- երեխան՝ արձագանքում է հիգիենիկ միջոցառումներին և խնամք ենթադրող իրավիճակներին.
- արձագանքում է մեծահասակների նախազգուշացումներին՝ որոշակի գործողությունների վտանգավորության մասին.
- դրսևորում է ինքնասպասարկման պարզագույն կարողություններ՝ փորձում է ինքնուրույն խմել բաժակից, ձգելով քաշում և հանում է հագուստը:
Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ