Ատամների ծկթում. ե՞րբ պետք է սպասել առաջին ատամներին եւ ինչպե՞ս օգնել փոքրիկին, երբ լնդերի քորն անտանելի է

Խնամք

Հարցերին պատասխանում է Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լարիսա Դալլաքյանը։

Ե՞րբ պետք է ծկթեն փոքրիկի առաջին ատամները

Փոքրիկի առաջին ատամները ծկթում են 5.5 ամսականից մինչև 14 ամսականը: Դրանց հերթականությունն ու ժամկետները կարող են տատանվել: Առաջինը ծկթում են ստորին,  դիմացի կտրիչ ատամները, հետո վերին կտրիչները, ապա՝ հերթականությամբ վերին ու ստորին, և լինում են 8 կտրիչներ:

Դրանից հետո ծկթում են առաջին սեղանատամները: Սովորաբար երկրորդ սեղանատամը ծկթում է ժանիքներից հետո, և դա տևում է մինչև 30 ամսական: Սովորաբար 2.5 տարեկանում երեխաներն արդեն ունենում են 20 կաթնատամ: 6 ամսականից սննդի մեջ պետք է ներառել կաթնամթերք՝ կաթնաշոռ, կաթ, պանիր, ձու, որպեսզի օրգանիզմում ոսկրացումը և կալցիումի փոխանակությունը ճիշտ կատարվի:

Ատամների ծկթումն ուշանում է. ե՞րբ պետք է մտահոգվի մայրիկը

 5.5-ից մինչև 1 տարի 2 ամսականը կարող են ծկթել ատամները. դա համարվում է նորմա: Նույնիսկ հնարավոր է հերթականությունը խախտվի՝ ոչ թե կտրիչը ծկթի, այլ ժանիքը, հետո՝ մյուսները:

Ինչպե՞ս օգնել ատամների ծկթմանը

Ճիշտ և ժամանակին ծկթման համար պետք է ժամանակին ստանան վիտամին D: Դա ռախիտի պրոֆիլակտիկայի, ոսկրացման դեմ, ինչպես նաև երեխայի զարգացման համար է: Մնացած բոլոր վիտամինները փոքրիկները կարող են ստանալ կաթի միջոցով, բայց վիտատամին  D չեն ստանում, դրա համար հենց առաջին ամսականից միչև 1 տարեկան եւ նունիսկ ավելի պիտի ստանան վիտամին D:

Ի՞նչ անել, եթե փոքրիկը չի դիմանում լնդերի քորին

Դրա համար կան գելեր, որոնք որոշակի չափով օգնում են, որ երեխաները կարողանան դիմանալ ցավին: Այո, երբեմն ատամ ծկթելուց կարող է լինել և´ ցավ, և´ քոր, և´ լնդերի այտուց, որը երբեմն ստանում է ստոմատիտի պատկեր: Ատամ ծկթելուց լինում է նաև բրոնխիտի պատկեր, որը կոչվում է «ատամնային բրոնխիտ», մաշկի վրա ցան է առաջանում, խախտվում է մարսողությունը, բայց ատամը ծկթելուն պես անցնում է այդ ամենը:

Շատ կարևոր է պահպանել երեխայի խնամքի կանոնները, քանի որ ծկթման ժամանակ լինում է թքարտադրություն, երեխաները ձեռքերը տանում են բերանը և իրենք իրենց կարող են ինֆեկցիա հաղորդել: Ցանկալի չեն ծծակները, որովհետև որոշ տարիքում երեխան կարող է գցել, վերցնել ու դնել բերանը, որի միջոցով կարող է միկրոբների հոսք լինել դեպի բերան:

Ինչպե՞ս խնամել կաթնատամները 

Կաթնատամների խնամքը պետք է կատարի մայրիկը: Բամբակյա թանզիֆը (марля) պետք է թրջել սոդայաջրով, ֆիզլուծույթով և մաքրել: Ճիշտ է, կաթնատամները չունեն արմատներ, բայց կարիեսը միկրոբների մեծ պաշար է ստեղծում իր մեջ, որի պատճառով կարող է տուժել սիրտը, առաջանալ թոքաբորբ: 2-3 տարեկանից սկսած՝ պետք է ցույց տալ երեխային՝ ինչպես օգտվել խոզանակից:

Գովազդ