Աղիքային ինֆեկցիա. ինչպե՞ս կանխել կամ բուժել, ե՞րբ դիմել բժշկի

Խնամք

Հարցերին պատասխանում  է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: 

Ի՞նչ է աղիքային ինֆեկցիան:

 

Գրեթե բոլորն  իրենց կյանքի ընթացքում հանդիպում են աղիքային վարակի: Աղիքային վարակների 90%-ը կարելի է բուժել առանց դեղորայքի. լուծը, փսխումը, փորացավը պարտադիր չէ բուժել անտիբակտերիալներով:

Շատ հաճախ  բավական է ընդամենն  օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանել, այսինքն հեղուկներ տալ երեխային, և 3-4 օր ժամանակ տալ օրգանիզմին` աղիքային վարակի դեմ պայքարելու համար:

Աղիքային վարակներից ամենավտանգավորն է էքսիկոզը` օրգանիզմի ջրազրկումը. երեխաներն  ավելի զգայուն են դրա հանդեպ և այն  կարող է նաև մահվան պատճառ հանդիսանալ:

Սովորական վիրուսային վարակների դեպքում էական չէ` երեխան ինչ կխմի (ջուր, թեյ, հյութ), իսկ աղիքային ինֆեկցիայի դեպքում կարևոր են աղային հավասարակշռությունը պահպանող հեղուկները (ռեգիդրոն):

 Ո՞ր ախտանշանների դեպքում է պետք դիմել բժշկի:

Բժշկի հարկավոր է դիմել, եթե`

·         երեխան ջրազրկված է. չոր լեզու, չոր լորձաթաղանթ, մաշկի չորություն, գիտակցության մթագնում և այլն,

·         կտրականապես չի ուզում խմել, 

·         կեղտի հետ արյուն կա:

 Եթե երեխայի ախորժակն ու ինքնազգացողությունը շատ չեն տուժել, բայց կա լուծ, փսխում, ապա պետք է 1-2 օր «սոված» պահել երեխային: Պետք է կերակրել բուսական սնունդով, բրնձով, հնդկաձավարով, մրգային պյուրեներով և այլն:

 Ո՞ր մթերքները պետք է բացառել աղիքային ինֆեկցիայի դեպքում:

Միսը և կաթնամթերքը պետք է բացառել, քանի որ աղիքային վարակների ընթացքում ժամանակավորապես ընկճվում է ֆերմենտների  ակտիվությունը, և երեխան չի կարողանում մարսել կենդանական ծագման ուտելիքները:

 Որո՞նք են առաջացման պատճառները:

Վարակները լինում են  վիրուսային, բակտերիալ, մակաբույծ և հիմնականում` կոնտակտային: Կարող է վարակվել ուրիշի ամանից ուտելու պատճառով. եթե տվյալ մարդը հիվանդ է, ապա վարակն անցնում է մեկից մյուսին: Կարող է վարակվել համբույրի միջոցով, նույն սրբիչն օգտագործելուց (օրինակ` մանկապարտեզում), վատ մշակված կամ հին ուտելիքից:

 Ինչպե՞ս կանխել:

Հետևելով երեխայի հիգիենային և սնունդին` կարելի է նվազագույնի հասցնել աղիքային վարակի հավանականությունը: Եթե երեխան հիվանդացել է, պետք է շեշտը դնել խմիչքների վրա, հատկապես աղային պատրաստուկների, ինչպիսին է ռեգիդրոնը: Կարելի է պատրաստել նաև տան պայմաններում. 1 լիտր ջրին հարկավոր է ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ կերակրի աղ և 1 թեյի գդալ կերակրի սոդա: Երեխան պետք է 1 լիտր պատրաստուկը խմի օրվա ընթացքում:

Աղիքային վարակի ժամանակ կարևոր է երեխայի ջերմությունը պահել նորմայի սահմանում: Եթե վիրուսային վարակների ժամանակ մինչև 38 աստիճան ջերմության դեպքում կարելի է ոչ մի բան չանել, քանի որ երեխայի օրգանիզմը պայքարում է վարակի դեմ, ապա աղիքային ինֆեկցիաների դեպքում պետք է նորմայի հասցնել. 37-38 աստիճան ջերմությունը բերում է ավելորդ հեղուկի կորստի: Եթե երեխան ունի, օրինակ` 38 աստիճան ջերմություն, ռեգիդրոնը ևս պետք է հասցնել միևնույն ջերմաստիճանի, որովհետև երբ հեղուկի և մարմնի ջերմաստիճանը նույնն է, աղիքներից ներծծումը մաքսիմալ է:

 Ինչպե՞ս բուժել:

Որոշ դեպքերում, եթե լուծը ձգձգվում է ու հեղուկներ տալը չի բավարարում, ապա կարելի է օգտագործել պատրաստուկներ: 4-5-րդ օրը, երբ կբարելավվի երեխայի մարսողությունը, կարևոր է ևս մեկ շաբաթ զերծ մնալ ծանր ուտելիքներից:

 

 

Գովազդ