Ի՞նչ անել, երբ երեխան հրաժարվում է մաքրել ատամները

Խնամք

Փոքրիկի բերանի խոռոչի մաքրությանը պետք է հետևել դեռ նրա կյանքի առաջին ամիսներից. սա պետք է իմանան բոլոր մայրիկները: Այստեղ էական չէ՝ փոքրիկն ատամիկ ունի՞, թե՞ ոչ:

  • 3-5 ամսականում սկսեք պատրաստվել փոքրիկի առաջին ատամիկի ծկթելուն: Ձեր մատին թանզիվ փաթաթեք, եղեսպակի կամ երիցուկի թրմի մեջ թաթախեք և զգուշորեն տրորեք երեխայի լնդերը:
  • 6-10 ամսականում, երբ կծկթեն փոքրիկի ատամիկները, գնեք սիլիկոնե խոզանակ, որը նույնպես ամրանում է մատին: Դրանով մաքրեք փոքրիկի ատամիկները:
  • Մեկ տարեկանից հետո փոքրիկի համար գնեք սովորական խոզանակ, որով կմաքրեք նրա ատամները: Այս ընթացքում Դուք ինքներդ պետք է մաքրեք երեխայի ատամները, քանի որ նա շատ փոքրիկ է, գուցե վնասի լնդերը կամ կուլ տա մածուկը:
  • 2 տարեկանից սովորեցրեք փոքրիկին ինքնուրույն մաքրել ատամները:

Եթե երեխան հրաժարվում է մաքրել ատամները.

Այսպիսի իրավիճակ հաճախ է պատահում: Եկեք դիմենք խորամանկության:

  • «Համեղ» մածուկ: Դեղատներում, նաև խանութներում վաճառում են տարբեր համերի մածուկներ: Երբ երեխան հրաժարվում է մաքրել ատամները, մի՛ զայրացեք, պարզապես առաջարկեք նրան ատամներին քսել համեղ մածուկ: Այս դեպքում մի անհանգստացեք, եթե փոքրիկը կուլ տա մածուկը, սրանց բաղադրության մեջ ստամոքսի համար վնասակար նյութեր չկան:
  • Հետաքրքիր փաթեթավորում: Եթե երեխան չի ցանկանում մաքրել ատամները, գնեք նրա համար սիրելի մուլտհերոսների պատկերով խոզանակներ: Տեսնենք՝ ինչպես չի ցանկանա լվանալ ատամները:
  • Դերախաղ: Երբ երեխան չի ցանկանում լվանալ ատամները, բայց հետաքրքրությամբ նայում է՝ ինչպես եք Դուք անում դա, առաջարկեք նրան՝ ինքը լվանա Ձեր ատամները: Հետո ասեք, որ հերթը Ձերն է, հիմա արդեն Դուք պետք է լվանաք իր ատամները:
  • Հաշվում ենք ատամիկները: Մինչև ատամը մաքուր չլինի ու չփայլի, չենք անցնում մյուսին: Երեխային ասեք, որ 20-ից հետո արդեն խաղն ավարտվում է: Արդյունքում՝ Դուք կմաքրեք երեխայի բոլոր ատամները:
  • Պարգևատրում: Երեխան պետք է ինքնակամ մաքրի ատամները: Սրա համար պարգևատրման կարգ մտածեք: Ամեն անգամ, երբ նա կմաքրի իր ատամները, որպես պարգև կստանա կպչուկ (наклейка): Ընտրեք նրա սիրելի հերոսների դիմանկարներով կպչուկներ:

Այս խորհուրդներին հետևելով՝ երեխան կսկսի հետևել իր հիգիենային: Դա կդառնա արդեն նրա օրվա պարտադիր մասը:

 

Գովազդ