Սովորեցրեք դեռահասին պահպանել անձնական հիգիենայի կանոնները

Խնամք

Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը նպաստում է մարդու առողջության ամրապնդմանը։

Անձնական հիգիենան իր մեջ ներառում է մարմնի, մազերի, բերանի խոռոչի, մաշկի, սեռական օրգանների, ականջի, քթի, հետանցքի, ինչպես նաև հագուստի և շրջակա միջավայրի հիգիենա։ Անձնական հիգիենայի պահանջների խախտումը կարող է լուրջ հետևանքներ թողնել դեռահասի առողջության վրա։

 

Մարմնի հիգիենա

 

Մաշկը մարդու օրգանիզմը պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։ Մաշկի մաքրությունը չափազանց կարևոր է, քանի որ բացի պաշտպանական ֆունկցիայից, այն իրականացնում է նաև ջերմակարգավորիչ, իմունային, նյութափոխանակության, արտազատման, ռեցեպտորային, շնչական և այլ գործառույթներ։ Մարմնի մաշկային ծածկույթի հիգիենան չպահպանելու դեպքում կարող են առաջանակ մաշկային վարակիչ (սնկային, բակտերիալ, վիրուսային ծագման) հիվանդություններ, իսկ ձեռքերի աղտոտման դեպքում՝ աղիքային և այլ վարակներ։

 

Սովորեցրեք դեռահասին, որ պետք է

 

  • ամեն օր ցնցուղ ընդունել, այլապես մաշկի վրա կստեղծվեն բարենպաստ պայմաններ ախտածին մանրէների, սնկերի և այլ վնասակար միկրոօրգանիզմների բազմացման համար։
  • հետևել ձեռքերի և եղունգների մաքրությանը, քանի որ մարմնի բաց հատվածները հեշտ են կեղտոտվում։ Կեղտոտ ձեռքերի միջոցով ախտածին մանրէները կարող են հայտնվել սննդի, խոհանոցային պարագաների վրա, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար։ Օրինակ՝ դիզենտերիան անվանում են նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Ձեռքերը պետք է լվանալ սանհանգույցից օգտվելուց հետո, ուտելուց առաջ և հետո, կենդանիների հետ շփվելուց հետո, զբոսանքից վերադառնալուց հետո։
  • ոտքերը ամեն օր լվանալ գոլ ջրով և օճառով, իսկ առատ քրտնարտադրության դեպքում՝ դիմել համապատասխան մասնագետի։
  • մաշկի վրա ցանի առաջացման կամ եղունգների փոփոխության դեպքում անպայման բժշկի դիմել։
  • ականջի հիգիենայի պահպանումը ևս շատ կարևոր է, և պետք չէ վնասել բնության կողմից ներդրված պաշտպանությունը։ Լսողակա լուսանցքի մաշկի վրա ծծմբային գեղձեր կան, որոնք կատուկ նյութ են արտադրում, որն էլ կանխարգելում է արտաքին վարակների ներթաանցումը։ Մաշկի աղվամազն այդ նյութը դեպի դուրս է մղում, այնպես որ կարիք չկա բամբակե խծուծով ականջը շատ խորը մաքրել։ Հարկավոր է մաքրել միայն ականջի լուսանցքը։
  • ոչ պակաս կարևոր է քթի հիգիենան։ Ըստ քիթ-կոկրդ-ականջաբանների՝ ռնգային լվացումները պետք է կրեն ամենօրյա բնույթ։
  • ամենօրյա լոգանքն ու սեռական օրգանների լվացումը պետք է դառնան սովորություն յուրաքանչյուր պատանու և աղջկա համար։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սեռական օրգանների հիգիենային։ Սեռական օրգանները լվանալիս օճառը պետք է զգուշությամբ օգտագործել, քանի որ այն կարող է գրգռել նուրբ լորձաթաղանքը։ Լվացման համար ցանկալի է օգտագործել ոչ թե հակամանրէային, այլ փափուկ, մանկական օճառ։
  • հետանցքը լվանալիս ջրային շիթը և ձեռքերի շարժումները պետք է ուղղել առջևից դեպի հետ /զուգարանի թղթի կիրառումը ևս պետք է լինի նույն ուղղությամբ/։ Անմիջապես տաշտի մեջ լվացվել չի կարելի։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն

Գովազդ