Թաց անձեռոցիկ, ականջի փայտիկ, մկրատ, սանր եւ տակդիր. ինչպե՞ս կատարել ընտրություն

Խնամք

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ։

Ներկայացնում է մանկաբույժ Գոհար Քյարունցը:

Թաց անձեռոցիկ

Առհասարակ թաց անձեռոցիկի օգտագործումը ցանկալի չէ։ Այն կարելի է օգտագործել խիստ անհարժեշտության դեպքում, օրինակ` երբ տակդիր փոխելիս ջուր չկա։ Իսկ մնացած դեպքերում ջուրը փոքրիկի մաշկի համար իդեալական միջոց է։

Ինչու՞  չպետք է օգտագործել թաց անձեռոցիկ

Լինելով թաց, խոնավ` այն կլանում է օդում առկա մանրէները։ Հատկապես վնասված մաշկի հետ շփվելով`այն կարող է առաջացնել երկրորդային ինֆեկցիա։ Բացի դրանից, այդ անձեռոցիկներն ունեն տարբեր բույրեր, որոնք երեխայի մոտ կարող են  առաջացնել տարատեսակ ալերգիաներ։ 

Ականջի փայտիկներ

Ականջի փայտիների օգտագործումը իսկական փորձություն է մայրիկների համար. երեխան անընդհատ շարժվում է` դժվարություն ստեղծելով մայրիկի համար: Կան հատուկ երեխաների համար նախատեսված ականջի փայտիկներ, որոնք ուռուցիկ մասով սահմանափակում են փայտիկի մուտքը ականջ։ Հենց դրանք էլ պետք է օգտագործել փոքրիկի ականջը մաքրելիս։ Փայտիկները չի կարելի խորը մտցնել ականջի մեջ։ Դրանք նախատեսված են միայն արտաքին խեցին մաքրելու համար։ Փայտիկը խորը մտցնելու դեպքում ծծումբն ավելի է խտանում ականջում`առաջացնելով խցանում։

Մկրատ

Մկրատ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել ծայրերին։ Ցանկալի է, որ  ծայրերը լինեն կլոր, որովհետև որքան էլ մայրիկը փորձի զգույշ կտրել փոքրիկի եղունգները, միևնույն է, երեխան անընդհատ շարժվում է՝ մեծացնելով իրեն վնասելու վտանգը։ Ամեն  օգտագործումից առաջ մկրատն անպայման պետք է ախտահանվի սպիրտով։ 

Սանր

Նորածինների համար սանր ընտրելիս պետք է նկատի  ունենալ, որ այն պետք է լինի փափուկ, բնական մազից պատրաստված։  Գնելիս անպայման պետք է հաշվի առնել երեխայի տարիքը։ Սանրի տուփի վրա պարտադիր փակցված է լինում, թե որ տարիքի երեխաների համար է այն նախատեսված։ Ցանկալի է փոքիիկի մազերը սանրել օրական մեկ անգամ։ 

Տակդիրներ

Տակդիրի ընտրությունը ևս շատ կարևոր է, քանի որ այն անմիջականորեն շփվում է փոքրիկի մաշկի հետ: Հաճախ տակդիրի պատճառով առաջանում  է շփաբորբ, որն էլ իր հերթին հանգեցնում է ալերգիկ ռեակցիայի։ Տակդիր ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել,  նախ, որակին։ Ցանկալի է, որ այն  ունենա բամբակյա ծածկույթ, լինի շնչող։ Հաճախ մայրիկները երեխայի տակդիրը փոխելու գործընթացը մաքսիմալ արագացնում են՝ մտածելով, որ երեխան այդ ընթացքում կարող է մրսել։ Սակայն մաշկի շփումը օդի հետ շատ կարևոր է, հետեւաբար ամեն անգամ  երեխայի տակդիրը փոխելիս խորհուրդ է տրվում գոնե մի քանի րոպե երեխային մերկ թողնել, որպեսզի մաշկը շփվի օդի հետ։

Մանկաբույժը խորհուրդ է տալիս` հիգիենայի պարագաներ ընտրելիս հարցնել նաեւ  ընկերների, հարազատների կարծիքները (տվյալ ապրանքանիշի մասին): Սկզբնական շրջանում կարելի է նաև փորձանմուշներ օգտագործել, և եթե երեխայի մաշկը ընդունում է խնամքի այդ միջոցը, չեն առաջանում ալերգիաներ եւ այլ խնդիրներ, ուրեմն` կարելի է շարունակել դրա օգտագործումը:

 

Հեղինակ` Նորա Հայրապետյան

Գովազդ