Ինչու՞ է երեխան փսխում և ի՞նչ անել այդ պարագայում․ պարզաբանում է մանկաբույժը

Խնամք

Փսխումը հաճախ հանդիպող երևույթ է, որը տարբեր տարիքում տարբեր կերպ է արտահայտվում: Ի՞նչը կարող է հանգեցնել փսխման և ի՞նչ անել այդ պարագայում: Ներկայացնում է մանկաբույժ Գոհար Քյարունցը․

-Ինչպես գիտենք, նորածինները հաճախ են փսխում, ծնողներն էլ հաճախ գանգատվում են, որ հատկապես ուտելուց հետո է երեխան փսխում: Այստեղ պետք է ուշադրություն դարձնել փսխելու ձևին ու տեսակին: Օրինակ` եթե  փսխումը շատ ագրեսիվ բնույթի է, այսինքն՝ շատրվանանման, մեծ քանակությամբ, և  երեխան փսխում է ավելին, քան կերել է կամ անգամ իր կերածի չափով է փսխում, ապա երեխան ունի անատոմիական խնդիր, որն,  ամենայն հավանականությամբ,  պիլորոստենոզ է,  այսինքն` ստամոքսաելքի բնածին նեղացում, որի հետևանքով սնունդը հետ է հրվում: Դրանից շատ կարճ ժամանակ հետո երեխան   ունենում  է   քաշի  կորուստ, հողագույն մաշկ և ի հայտ են գալիս այնպիսի կլինիկական ախտանշաններ, որոնք հնարավոր չէ անտեսել:  

Փսխում կարող է առաջացնել նաև ստամոքսաելքի սպազմը, որը պահանջում է դեղորայքային բուժում: Այս դեպքում, սակայն, կիրառում են բուժման մեկ այլ տարբերակ․ օգտագործում են ծանր կաթնախառնուրդ, որը, կուտակվելով կերակրափողի ելքի սեղմանի՝ սֆինկտերի վրա,  բացում  և ավելի  է հեշտացնում  կաթի  տեղաշարժը կերակրափողից դեպի ստամոքս:

Գղտոցը փսխում համարելը ճիշտ չէ: Այն պարզապես սխալ կերակրման հետևանք է, այսինքն՝ կերկրման ընթացքում երեխան ավելի շատ օդ է կուլ տալիս։ Երբ ստամոքսում օդ է կուտակվում, գղտոցի միջոցով այն դուրս է գալիս:

Նորածինների մոտ հաճախ հանդիպող մյուս խնդիրը ռեֆլյուքսն է (ստամոքսահյութի հետհոսք): Երբ մի փոքր կաթ է լցվում երեխայի ստամոքսի մեջ, կերակրափողից ստամոքս ելքի սեղմանը անմիջապես փակվում է, որից հետո բավարար քանակությամբ կաթ չի մտնում ստամոքս` առաջացնելով  փսխելու ցանկություն:  

Իսկ ահա 6 ամսականից հետո այս դեպքերն աստիճանաբար քչանում են:  Նման դեպքերը` ռեֆլյուքսը (ստամոքսահյութի հետհոսք), պիլորոստենոզը (ստամոքսաելքի բնածին նեղացումը), հանդիպում են մինչև 6 ամսականը: Եթե այդ տարիքից հետո շարունակվում են փսխման հաճախակի դեպքերը, ապա պետք է անպայման անցնել որոշակի հետազոտություն` անատոմիական խնդիրները կանխելու համար:

Ավելի մեծ տարիքում երեխայի հոգեբանական վիճակը կարող է փսխման  պատճառ դառնալ:  Օրինակ` երբ երեխան բարձր ճչում է: Այս դեպքում հաճախ հանդիպող փսխման դեպքերը կարող են պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ  երեխան, նկատելով ծնողի անհանգստությունը փսխման  ժամանակ, այն օգտագործում է  որպես իր կամքը կատարելու միջոց։  

Փսխման պատճառ կարող են լինել նաև աղիքային վարակները: Հնարավոր է՝ լինի ալերգիա կովի կաթից, երբ, օրինակ, կրծքի կաթից հետո երեխային առաջին անգամ տալիս ենք կովի կաթով պատրաստած շիլա: Նմանատիպ վիճակ կարող է առաջանալ նաև վատորակ սննդի օգտագործման հետևանքով։

 Ի՞նչ անել

 Եթե երեխան փսխել է, պետք է 40 րոպե երեխային ուտելու ոչինչ չտալ։ Եթե փսխելուց հետո նրան առաջարկում ենք հեղուկ կամ ուտելիք, մեծանում է նորից փսխելու հավանականությունը:  Կարելի է 20 րոպե հետո  կում-կում ջուր տալ երեխային: 1 ժամ հետո կարելի է երեխային թեթև և դյուրամարս ապուր տալ:  Երկու և ավելի անգամ փսխման  կրկնվելու պարագայում ծնողը պետք է դիմի բժշկի:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ