Ականջացավի պատճառներն ու բուժումը. ի՞նչ է առաջարկում մասնագետը

Խնամք

Փոքրիկներին ահանգստացնող խնդիրներից մեկն ականջի ցավն է։ Այն պահանջում է լուրջ ուշադրություն մայրիկի կողմից։ Ինչի՞ց կարող է առաջանալ ականջի ցավը և ինչպե՞ս մեղմել այն. ներկայացնում է մանկաբույժ Գոհար Քյարունցը:

Ականջի ցավը կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերի երեխաների մոտ: Նորածնային շրջանում այն քիչ հանդիպող է: Հաշվի առնելով, որ փոքրիկը չի կարող հայտնել ականջի ցավի մասին՝ կարելի է դա հասկանալ նրա լացից։ Եթե երեխայի  ականջին դիպչելիս կամ տվյալ ականջի կողմով պառկեցնելիս փոքրիկը սուր ճչում է, ուրեմն՝ ցավում է ականջը։ Այս դեպքում պետք է դիմել  բժշկի:

Ականջի ցավը տարբեր պատճառներ կարող է ունենալ: Առաջին հերթին պատճառ կարող են լինել սուր շնչառական հիվանդությունները, այսպես կոչված՝ գրիպ, տարատեսակ վիրուսներ, որոնք առաջացնում են օձիտ՝ ականջի բորբոքում: Եթե ականջի ցավը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի վաղ ախտորոշվի  բորբոքումը և նշանակվի համապատասխան բուժում:

Կա նաև ականջի կրկնվող բորբոքում, որը հաճախ է հանդիպում լողավազան հաճախող երեխաների  մոտ։ Այս դեպքերը, բնականաբար, կապ չունեն սուր շնչառական վիրուսների հետ: Այս պարագայում պետք է անպայման զննել երեխային և հասկանալ՝ արդյոք կարելի՞ է երեխային շարունակել լողավազան հաճախել, թե՞ դադարեցնել է պետք, քանի որ կրկնվելու դեպքերը կարող են վտանգավոր լինել:

Ինչպես հասկանալ՝ ականջի ցավը երեխայի մոտ սուր շնչառական հիվանդությա՞ն արդյունք է, թե՞ պարզապես կրկնվող օձիտ: Այդ դեպքում պետք է ուշադրություն դարձնել՝  եթե երեխան  չունի մրսածության նշան, քիթիկից չի հոսում, չունի բարձր ջերմություն, բայց ժամանակ առ ժամանակ գանգատվում է ականջի ցավից, ուրեմն նրա մոտ սուր արտահայտված օձիտ է:

Ականջի ցավի պատճառ կարող են  լինել նաև ադենոիդային վեգետացիաները (քթի մեջ միս):  Այդ դեպքում երեխան ունենում է դժվարաշնչութուն,  խռմփոց, որը ուղեկցվում է  հաճախակի հանդիպող ականջի ցավով։ Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի:

Որպես առաջին բուժօգնություն՝ ականջի սուր ցավի դեպքում կարելի է  որևէ ցավազրկող տալ երեխային՝ պարացետամոլային կամ իբուպրոֆենային: Խորհրդակցեք բժշկի հետ, ով, ըստ երեխայի տարիքի, կնշի դեղի չափաբաժինը։

Երբեմն մայրիկները կամ տատիկները ականջի ցավը մեղմելու համար օգտագործում են ավանդական միջոցներ, օրինակ ՝ սխտորը ձեթով այրում են ու կաթեցնում երեխայի ականջի մեջ: Հիշե՛ք՝ այդպիսի միջոցներից հարկավոր է խուսափել:

Անգամ կան ականջի համար նախատեսված կաթիլներ, որոնք ևս չի կարելի կաթեցնել հատկապես պերֆորատիվ օձիտների (ժողովրդի լեզվով ասած՝  պայթած թաղանթ)  ժամանակ:

Այսպիսով, նախքան ախտորոշումը պարզապես արգելվում է նմանատիպ բուժամիջոցներ օգտագործել:

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ