Կարելի՞ է, արդյոք, համբուրել փոքրիկի թաթիկները. հարցազրույց մանկաբույժի հետ

Խնամք

Մենք՝ հայերս, սիրում ենք հաճախ համբուրել երեխաներին։ Կարելի՞ է այդչափ հաճախ համբուրել փոքրիկներին, վարակների փոխանցման առումով ի՞նչ ռիսկեր կան և ի՞նչ վարքականոն պետք է ունենան նորածնի ընտանիքի անդամները՝ այս և այլ հարցերի պատասխանները «Իմ փոքրիկ»–ը փորձել է պարզել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբույժ Կարինե Ալեքյանի օգնությամբ։

 - Ո՞ր տարիքից է կարելի համբուրել երեխային։

- Որպես այդպիսին, հստակ տարիք նշել չեմ կարող։

 

- Հայկական միջավայրում ընդունված է համբուրել փոքրիկի թաթիկները՝ կարծելով, որ այդպես ավելի անվտանգ է։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Հաշվի առնելով, որ ծնողները, տատիկ–պապիկները երեխաներին շատ հաճախ սիրում են համբուրել շրթունքներից ու այտերից, թաթիկները համբուրելը համեմատաբար անվտանգ է։ Բայց պետք է նշեմ, որ նույնիսկ թաթիկները ցանկալի չէ համբուրել, քանի որ երեխան անընդհատ բերանն է տանում հենց թաթիկները, հետևաբար եթե մեծահասակի մոտ կան վիրուսային հիվանդություններ, օրինակ՝ գրիպ կամ այլ բան, դրանք հեշտությամբ կարող են փոխանցվել երեխային։

 

- Խնդրում եմ՝ մանրամասնեք՝ ի՞նչ վիրուսներ կարող են փոխանցվել համբույրի միջոցով։


- Երեխան կարող է վարակվել գրիպի տարատեսակերով, սուր շնչական վարակներով և ոչ միայն։ 


-  Հնարավո՞ր է, արդյոք, համբույրից հետո չեզոքացնել վիրուսի փոխանցման վտանգը։


- Եթե համբուրողը վիրուսակիր է, կանխելու հավանականությունը շատ քիչ է։ Այս դեպքում վարակվելու հավանականությունը 50/50 է։ 


- Ի՞նչ խորհուրդ կտաք նորածին ունեցող ընտանիքին այս առումով։


- Պարզապես պետք է  պահպանել հիգիենայի կանոնները, իսկ երեխային հաբուրելը արդեն հիգիենիկ չէ և համարվում է հիգիենայի կանոնների խախտում։

 

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

Գովազդ