Ինչպե՞ս օգնել երեխային ատամների ծկթելու ժամանակ

Խնամք

 Ի՞նչ է զգում երեխան այս ժամանակ: Պատասխանը մեկն է` անտանելի քոր լնդերում:  Նա ամեն վայրկյան ցանկանում է քորել բերանի խոռոչը:

Երեխային օգնելու համար կարող եք նրան «ատամների  մերսում» կատարել. մաքուր լվացեք ձեռքերը, ցուցամատին փաթաթեք ստերիլ թանզիվ, թրջեք այն եռացրած-սառեցրած ջրով և զգույշ, կլոր շարժումներով տրորեք լնդերի ելունդները:

Ընդհանրապես, սառն ամեն բան թեթևացում է բերում: Երեխայի համար գնեք մի քանի ծկթիչներ. այժմ դեղատներում վաճառում են ռետինե կամ սիլիկոնե օղակների տեսքով ծկթիչներ, որոնք լցված են ջրով:

Խաղալիքը երեխային տալուց առաջ մինչև 30 րոպե կարելի է սառնարանում  դնել (բայց ոչ սառցարանում):

 

Գիշերը երեխայի լնդներին կարելի է քսել հատուկ ցավազրկող գել: Դրանք, որպես կանոն, անվտանգ են ու պարունակում են փոքրիկի համար թույլատրելի չափաքանակով  ցավազրկողներ: Երեխայի ծնոտը այդ գելից չի անզգայանա, եթե մայրիկը  հանկարծ չափից շատ գել չքսի: Իսկ հանգիստ քունը, որ այդպիսով կպարգևեք ձեզ և ձեր փոքրիկին, առողջության համար նույնպես ավելորդ չի լինի:

Կարևոր է նաև, որ այս շրջանում երեխայի նկատմամբ շատ ուշադիր լինեք, հոգատարությունը և սերն  երբեմն լավագույն ցավազրկողներն են:

Մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է մեղմացնել ցավը ատամների ծկթելու ժամանակ.

  • Երեխային  հաճախ տվեք կեղևազատված խնձոր, տանձ, գազար, կաղամբի թերթիկ: Եւ ատամների համար է օգտակար, և կլրացվի օրգանիզմի վիտամինների պաշարը:
  • Գիշերը երեխային  կարող եք ձեր կողքին քնեցնել. նա իրեն ավելի հարմարավետ կզգա մայրիկի կողքին, դուք էլ ավելի հանգիստ կլինեք:
  • Եթե եղանակը թույլ է տալիս, երեխային մաքուր օդում քնեցրեք:
  • Մեկ տարեկանին մոտ հասակում հատուկ ատամի խոզանակ գնեք ու սկիզբ դրեք երեխայի ատամների հիգիենային: Եռացրած ջրով, առանց մածուկի, լվացեք ատամները առավոտյան և երեկոյան:
  • Բժշկի հետ խորհրդակցելով` երեխային  տվեք  C և D վիտամիններ, որոնք կամրացնեն ատամները: Երեխայի սնունդն էլ պետք է հարուստ լինի կալցիումով:

Երեխային որքան հնարավոր է ուշ  տվեք կոնֆետ և այլ քաղցրեղեն. դրանցում պարունակվող շաքարը և կրախմալը կործանարար են երեխաների ատամների համար:

Իսկ արդեն մեկ տարեկան հասակում կատարեք առաջին այցը ատամնաբույժին. Վերջինս կկանխատեսի բերանի խոռոչի հնարավոր հիվանդությունները (օրինակ, կարիեսը) և կանխարգելիչ միջոցառումների համար համապատասխան խորհուրդներ կտա:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Երբ և ինչ հերթականությամբ են ծկթում երեխայի ատամները

Նյութն ըստ supermams.ru կայքի

Գովազդ