Նորածնի ատամներն ու լուծը

Խնդիրներ

Երիտասարդ մայրիկները, չնայած անքուն գիշերների հեռանկարին, հիմնականում անհամբերությամբ են սպասում երեխայի առաջին ատամի ծկլթելուն: Եվ այդ սպասումն ուղեկցվում է նաև վախերով. «Իմ բալիկի հասակակիցների ատամներն արդեն դուրս են եկել, իսկ մերը` ոչ, գուցե ինչ-որ լուրջ պատճառ կա»: 

Չարժե այդքան անհանգստանալ, քանի որ դա երեխայի զարգացման  ցուցանիշ չէ, ամեն ինչ կախված է մի շարք պատճառներից: Ատամը կարող է դուրս գալ ինչպես 3 ամսականում, այնպես էլ մեկ տարեկանում: Այս ժամկետները նորմալ են համարվում: Մանկաբուժությանը հայտնի են «ատամնավոր» նորածինների դեպքեր: Ավելի հասունանալով` այդ երեխաներն իրենց հասակակիցներին չեն գերազանցում զարգացման առումով: Բնությունն իր անելիքը գիտի, ու ոչ ոք անատամ չի մնա: Իսկ եթե Ձեր երեխայի ատամներն ուշ են դուրս եկել, ուրեմն հնարավոր է, որ ամեն ինչ շատ արագ կատարվի:

Բոլոր փորձառու մայրիկները գիտեն, թե որքան է տանջվում նորածինն ատամ հանելիս. փսլնքոտություն, ուռած ու քոր եկող լնդեր, հարբուխ, անհանգիստ քուն: Ատամների դուրս գալը լուծի  ու ջերմության պատճառ չի կարող դառնալ, սակայն երեխայի իմունիտետն է թուլանում, ու ատամ հանելն ուղեկցվում է նման երևույթներով:

Երեխաներն այս շրջանում շատ հեղուկի պահանջ ունեն, ինչի արդյունքը կարող է լուծ կարծվել: Բացի այդ, երեխան քորից կրծում է ամեն ինչ, այդ թվում և երբեմն ոչ այնքան  մաքուր իրեր, ինչը նույնպես կարող է լուծի պատճառ դառնալ: Իսկ երբեմն նշված բոլոր ախտանշաններն ու վարքագիծն առկա են, սակայն ատամներ չկան ու չկան: Արժե հիշեցնել, թե ինչ հերթականությամբ ու երբ են դուրս գալիս ատամիկները. 6-8 ամսականում ծկթում են ներքևի 2 կտրիչները, 8-10 ամսականում` վերևի 2 կտրիչները, 10-11 ամսականում` ևս 2 կտրիչ, 11-12-ում` 2 ներքևի կտրիչ: Իսկ մեկ տարեկանում արդեն երեխան 8 ատամ է ունենում: Իսկ երբ լրանա նրա 2 տարին, արդեն դժվարությամբ կպատկերացնեք, թե ինչպիսին էր առանց ատամների, քանի որ նա արդեն 20 ատամ կունենա:

 

Գովազդ