Ի՞նչ անել, եթե փոքրիկը վախենում է անծանոթներից

Խնդիրներ

Դեռ մեկ շաբաթ առաջ Ձեր փոքրիկը բոլորին անխտիր ժպտում էր, բայց այժմ հանկարծակի փոխվել է ու խուսափում է անծանոթներից: Մի անհանգստացեք: Փոքրիկը պարզապես սովորում է տարբերակել հարազատներին օտարներից: Վախն անծանոթներից  սկսվում է մոտավորապես ութ ամսական հասակից, հաճախ հանկարծակի:

Փոքրիկը շրջվում է օտար մարդուց, բռնվում է մայրիկից, թաքցնում է դեմքը մոր գրկում: Իր պահվածքով նա  ասում է «Մոտ մի արի», և միայն հարազատները կարող են հանգստացնել նրան:

Պատճառները

Նման վարքի պատճառները մինչև վերջ դեռևս բացահայտված չեն: Սակայն գիտնականները համամիտ են, որ օտարներից վախը փոքրիկի բնականոն զարգացման  մաս է կազմում: Այսինքն այստեղ սխալ խնամքի կամ դաստիարակության խնդիր չկա:

Փոքրիկի խուճապը հետազոտողները համարում են, այսպես ասած, փոքրիկի պատկերացումների համակարգի խափանում: Երեխան ի ծնե շփվում է ծնողների, ընտանիքի անդամների հետ, ձևավորվում է շփման ու ժեստերի յուրօրինակ լեզու, որ հասկանալի է միայն իրենց: Օտար անձը, փորձելով շփվել փոքրիկի հետ, սովորաբար կրկնօրինակում է ծնողների խոսքերը կամ շարժումները: Սակայն նրա ձայնը, հոտը և արտաքինը տարբերվում են ծնողներից, փոքրիկին ծանոթ օրինակներից: Հենց սա է, որ ութ ամսական փոքրիկները սկսում են նկատել: Նրանց ուղեղն ահազանգում է, որ ինչ-որ բան այն չէ, սակայն փոքրիկը դեռևս չգիտի, թե ինչպես վարվի:

Ընթացքը

Խուճապի ու լացի հանկարծակի նոպաները անծանոթների ներկայությամբ կարող են տևել շաբաթներ և անգամ ամիսներ: Բոլոր փոքրիկներն էլ նույնքան շատ են վախենում, սակայն տարբեր կերպ են արտահայտվում. ոմանք դառնում են ավելի զուսպ, ոմանք էլ անծանոթի  անգամ մի բառից սկսում են լացել:

Այստեղ հարցը փոքրիկի խառնվածքն է. ոմանք շատ էմոցիոնալ են ամեն ինչին արձագանքում, ոմանք էլ հանգիստ: Կարևոր է նաև փորձը: Եթե ընտանիքում հյուրեր շատ եք ունենում, ապա փոքրիկն ավելի շուտ կսովորի նոր դեմքերին:

Սակայն օտարների հանդեպ վախից խուսափել հնարավոր չէ, ինչքան էլ փոքրիկին սոցիալական շփում ապահովեք:

Ինչպե՞ս վարվել

Հանգստացրեք փոքրիկ վախկոտին, գրկեք ու համբուրեք:

Օտարների մերձեցման փորձերը միայն ավելի շատ կվախեցնեն փոքրիկին: Ցանկալի չէ նման պարագայում փոքրիկին տալ  նրան անծանոթ տիկնոջ կամ պարոնի գիրկը: Ծանոթությունը պետք է հաստատվի աստիճանաբար, սկզբում որոշակի հեռավորություն է սահմանվում փոքրիկի ու անծանոթի միջև, ապա այն աստիճանաբար, աննկատ կրճատվում է:

Անծանթների հանդեպ վախը հաղթահարելու համար հատուկ միջոցառումներ հարկավոր չեն, ամեն ինչ ինքնին կկատարվի: Իսկ քանի դեռ վախի նշաններ առկա են փոքրիկի մոտ, պարզապես կարող եք մեղմել այն:

Լավագույն դեղամիջոցը անծանոթների հանդեպ որոշակի հեռավորություն պահպանելն է: Սակայն առանց չափազանցությունների: Տանը  հյուրեր  անպայման պետք է ունենաք: Միայն թե հարկավոր չէ, որ ուրախության ճիչերով «հարձակվեն» փոքրիկի վրա՝ վախեցնելով նրան: Սկզբում կարճ, բայց ջերմ հայացքը բավարար է:

Ապա պետք է որսալ պահը, երբ փոքրիկ հետազոտողը  կկտրվի մայրիկի գրկից՝ փորձելով հագուրդ տալ իր հետաքրքրասիրությանը: Սովորաբար կարճ ժամանակ անց նրանք մայրիկի կամ հայրիկի գրկում նստած սկսում են գաղտնի նայել հյուրի կողմը, նրան ուսումնասիրել, ապա նաև ժպտալ:

Նյութն ըստ moi-roditeli.ru կայքի

Գովազդ