Բոլորը գիտեն, որ մրգի դերը փոքրիկի սննդացանկում անփոխարինելի է: Բայց դա չի նշանակում, որ մայրիկներին մշտապես հաջողվում է բավարար քանակությամբ միրգ ներառել փոքրիկի ռացիոնում: Շատ հաճախ փոքրիկները կամակորություն են անում եւ հրաժարվում են մրգից:
Եթե ուզում եք փոքրիկին գայթակղել, շարժեք ձեր երեւակայությունը: Երեք նույն չափսի միրգը՝ տանձը, խնձորն ու նարինջը, շերտերով կտրատեք ու շարեք այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:
Տանձը հարուստ է տարատեսակ վիտամիններով՝ կալցիում, երկաթ, ֆոլաթթու, մագնեզիում, վիտամին В6, K, C և այլն: Այս միրգը պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և խոչընդոտել ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը:
Խնձորը պարունակում է կալիում, երկաթ, վիտամին C եւ այլն: Հատկապես կարմիր խնձորը հարուստ է աչքերի և մաշկի համար օգտակար A և B խմբի վիտամիններով, որոնք հանգստացնում են նյարդերը: Խնձորն օգտակար է նաև մազերի ու եղունգների համար:
C վիտամինով հարուստ նարինջը և նարինջի հյութը ակտիվացնում են մարսողությունը, ամրացնում են դիմադրողականությունը և բջիջները պաշտպանում թթվային ռեակցիաներից: Այս մերձարեւադարձային միրգը նաեւ թարմացնող հատկանիշ ունի: