Ո՞ր տարիքից է կարելի թեյ տալ երեխային․ հայ մասնագետները տարակարծիք են

Սնունդ

Ո՞ր տարիքից է կարելի երեխային թեյ տալ. այս հարցի վերաբերյալ տարակարծություններ կան մասնագետների շրջանում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազմապրոֆիլային բժշկական կենտրոնի մանկաբույժ Անուշ Հակոբյանը այն մասնագետների խմբին է պատկանում, որոնք կարծում են՝  երեխային կարելի է թեյ տալ 1 տարեկանից սկսած։ «Եթե երեխային իսկապես դուր է գալիս թեյը, ապա կարելի է տալ, սակայն շատ քիչ քաղցրությամբ»,-նշում է Անուշ Հակոբյանն ու ավելացնում՝ թեյը պետք է կազմի երեխայի օրվա ըմպելիքի 10%-ը միայն։ Բժիշկ Հակոբյանը նաև նշում է, որ երեխաներին կարելի է խոտաբույսերով թեյ տալ, եթե, օրինակ, ունի փորկապություն: Ցանկալի է երիցուկի կամ սրոհունդի (Зверобо́й)  թեյ տալ` 50-50 մլ, օրական 1-2 անգամ: Հարկավոր է շատ նոսր պատրաստել: 

Զեյթունի N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը, սակայն, կարծում է, որ մինչև 2  տարեկան երեխային չի կարելի թեյ` հատկապես խոտաբույսերով թեյ տալ, քանի որ դրանք կարող են հանգեցնել սակավարյունության և առաջացնել երկաթի ներծծման դժվարություն։ 2 տարեկանից հետո երեխայի սննդակարգը հարստանում է տարատեսակ մթերքներով, որոնք շատ վիտամիններ են պարունակում, այդ թվում՝ երկաթ, և այս դեպքում երկաթի պակասի ռիսկը նվազում է։ Ինչ վերաբերում է քաղցր թեյին, ապա բժշկի խոսքով՝ քաղցր թեյը փակում է երեխայի ախորժակը, հետևաբար երեխան հրաժարվում է այլ տեսակի սննդից։  

Դավիթաշենի N:20 պոլիկլինիկայի մանկաբուժական բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Աիդա Տոնոյանը կարծում է, որ մինչև 3, նույնիսկ մինչև 5 տարեկանը պետք է խուսափել երեխային թեյ տալուց։ Այս պնդումը բժիշկը բացատրում է նրանով, որ թեյերը պարունակում են տարբեր եթերայուղեր, բույրեր, որոնք կարող են վատ անդրադառնալ երեխայի՝ նոր-նոր ձևավորվող նյարդային համակարգի վրա։ Աիդա Տոնոյանի խոսքով՝ արդեն 5 տարեկանից կարելի է երեխային թեթև թուրմով թեյ տալ։

Ինչպե՞ս պատրաստել թեյ երեխայի համար

Մասնագետներն այս հարցում միակարծիք են․ անհրաժեշտ է հնարավորինս թեթև թուրմով պատրաստել թեյը, քանի որ այն պարունակում է կոֆեին։ Ի դեպ, գուցե զարմանալի թվա, բայց ավելի շատ կոֆեին պարունակում է թեյը և ոչ թե սուրճը: Հատկապես երեկոյան ժամերին երեխային թեյ տալով՝ մենք աշխուժացնում ենք նրան, հետևաբար պետք է թեյի համար ճիշտ ժամ ընտրել։ Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ թեյի  եթերայուղերը, համեմունքները, բույրերը  կարող են նաև ալերգիաներ առաջացնել, հետևաբար թեյ ընտրելիս պետք է մի շարք գործոններ նկատի ունենալ:

Կանա՞չ, սև՞, թե՞ խոտաբույսերով թեյ 

Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ կանաչ թեյը հակաօքսիդանտ է, այն օրգանիզմից հանում է  վնասակար նյութերը։ Կանաչ թեյի մեջ կոֆեինի քանակը ավելի շատ է, քան սևի, հետևաբար օրվա առաջին կեսին ցանկալի է երեխային տալ կանաչ թեյ, իսկ  երկրորդ կեսին՝ սև թեյ։ Կան երեխաներ, որոնք սիրում են խոտաբույսերով թեյ, բայց պետք է հաշվի առնել, որ ցանկացած խոտաբույս  դեղորայքային հատկություն ունի։ Խոտաբույսերով պատրաստված հեղուկը ոչ թե թեյ է, այլ թուրմ, որն օգտագործվում է բժշկի հստակ ցուցումով: Խոտաբույսերն ունեն միզամուղ, լեղամուղ հատկություն, այսինքն՝ օրգանիզմից հեռացնում են հեղուկը, ինչը երեխաների դեպքում այնքան էլ ցանկալի չէ, և կարող է նաև ճնշման անկման պատճառ դառնալ։ Խոտաբույսերով քաղցր թեյը երեխայի օրգանիզմում ավելացնում է ոչ պիտանի ածխաջրերի քանակը։ 

Ի վերջո, թե որ տարիքից կարելի է երեխային թեյ տալ, հստակ ասել հնարավոր չէ, քանի որ մասնագետները մինչև օրս չեն եկել ընդհանուր հայտարարի։ Այստեղ պետք է հաշվի առնել մանկաբույժների և մասնագետների տեսակետների հիմնավորումները։ 

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

 

Գովազդ