Որո՞նք են կրծքով կերակրումը դադարեցնելու արդյունավետ միջոցները

Սնունդ

Գրեթե բոլոր ծնողներին հետաքրքրում է կրծքով կերակրելը դադարեցնելու արդյունավետ միջոցները։ Թեմայի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է Wigmore clinic-ի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ։

- Նախ ներկայացնեմ, թե որքան ժամանակ է անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով։ Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը խորհուրդ է տալիս մինչև 6 ամսականը երեխային կերակրել բացառապես կրծքով, այնուհետև աստիճանաբար երեխային սովորեցնել հավելյալ սննդին։ Յուրաքանչյուր մայր ինքն է որոշում՝ որքան երկար կարող է կերակրել իր փոքրիկին, սակայն նշեմ, որ կրծքով կերակրումը օգտակար է ոչ միայն փոքրիկի առողջության համար, այլև ամրացնում է մոր և մանկան հոգևոր կապը: Այսինքն՝ կրծքով կերակրելը ավելին է, քան պարզապես սնուցում:

Եթե, այնուամենայնիվ, որոշել եք դադարեցնել կրծքով կերակրումը, ապա դա արեք զգուշությամբ, որ այդ գործընթացը դժվար ու սթրեսային չլինի ո՛չ մոր, ո՛չ փոքրիկի համար: Կրծքով կերակրումը դադարեցնելու արդյունավետ տարբերակ է աստիճանական մոտեցումը: Խորհուրդ է տրվում մեծացնել կրծքով կերակրման  միջակայքերը՝ դրանք լրացնելով հավելյալ սննդով։ Այս ընթացքում պետք է զուգահեռ կաթնագեղձերի ծանրաբեռնավածությունը նվազեցնել՝ կթիչների օգնությամբ:

Կրծքով կերակրումը հոգեֆիզոլոգիական պրոցես է, և կթիչները չեն փոխարինում մանկիկի՝ մոր կրծքին հպմանը։ Կթիչով կթելը մեխանիկական գործողություն է, հետևաբար այն աստիճանաբար կնվազեցնի կաթնարտադրությունը՝ նպաստելով կրծքով կերակրման դադարեցմանը: Կրծքով կերակրման դադարեցմանը զուգահեռ անհրաժեշտ է երեխային տալ իր սիրելի սնունդը, ընդ որում՝ կերակրման գործընթացը պետք է իրականացնել ոչ այն վայրում (մահճակալ, ննջարան), որտեղ երեխան կերակրվում էր կրծքով:

Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում կրծքով կերակրումը դադարեցնել մոր հիվանդության, մոր և մանկան հարկադրված բաժանման և այլ պատճառներով։ Այս դեպքում խորհուրդ է տրվում կրծքագեղձերի ցավը մեղմացնելու համար կիրառել սառցե պարկեր, ցավազրկողներ, կթիչներ։ Ի դեպ, փոքրիկի՝ այլ ննջասենյակում լինելը նույնպես օգնում է, որ երեխան արագ հրաժարվի կրծքի կաթից:

Կրծքով կերակրման դադարեցումը դեղորայքային (հակաբեղմանավորիչներ) տարբերակով կատարվում է միմիայն բժշկի նշանակմամբ:

 

Հեղինակ՝ Լիա Ավագյան

Գովազդ