Ինչպե՞ս և ո՞ր տարիքում պետք է  երեխային միս տալ. մանկաբույժն ուղղորդում է ծնողներին

Սնունդ

Մինչեւ 6 ամսականը երեխաները պետք է սնվեն կրծքի կաթով։

Իհարկե, լինում են բացառություններ, երբ երեխաներին կերակրում են արհեստական կաթնախառնուրդով: 6 ամսականից հետո երեխայի սննդակարգ պետք է ներառել հավելյալ սնունդ: Թե երբ պետք է երեխայի սննդակարգում ներառվի միսը  ու ինչ միս է կարելի երեխային, պարզել ենք մանկաբույժ Մարի Դարակչյանից:


-Ե՞րբ պետք է միս ներառել փոքրիկի սննդակարգ։

-Ըստ Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիայի՝ դա պետք է կատարվի այն ժամանակ, երբ արդեն սկսվում է հավելյալ սնուցումը: Մեր երկրում ընդունված է այն սկսել 6 ամսականից. երբ երեխայի սննդակարգ է ներառվում բրինձը, հնդկաձավարը, բանջարեղենը, այդ ժամանակ էլ պետք է, վստահորեն, երեխային ծանոթացնել մսին։  Կարելի է օգտագործել տավարի միս, չենք բացառում նաև տնական թռչունների միսը, մեր երկրի համար՝ հավը:


- Որքանո՞վ է միսը կարևոր փոքրիկի սնուցման հարցում։

-Միսը շատ կարևոր է երեխայի աճի և նորմալ զարգացման ապահովման համար: Կարևոր է հիշել, որ այն  սպիտակուցների աղբյուր է, հարուստ է նաև երկաթով և ցինկով, որոնք կարևորագույն միկրո եւ մակրոտարրեր են. դրանք օրգանիզմում կարգավորում են հակաբորբոքային պաշտպանությունը (ցինկի շնորհիվ) և արյան կարմիր գնդիկների սինթեզի համար մեծ նշանակություն ունեն (երկաթ): Այս տարրերը պետք է ներմուծել երեխայի սննդակարգ կյանքի առաջին տարիների ընթացքում։ Այն ծնողները, որոնք կարծում են, թե որևէ տարբերություն չկա  երեխային միս տալու կամ չտալու միջև, հաճախ 8-9 ամսականում կանգնում են այնպիսի խնդրի առաջ, ինչպիսին է, օրինակ, երկաթդիֆիցիտային անեմիան (սակավարյունություն):


-Կա՞ն մսատեսակներ, որոնց օգտագործման համար պահանջվում է որոշակի տարիք:

-6-9 ամսականում պետք է օգտագործել տավարի կամ հավի միս: Որոշ մայրիկներ սիրում են ավելացնել նաև ճագարի, բադի միս: Եթե այս մսատեսակները ստուգված են, նույնպես կարելի է օգտագործվել:
Օրինակ՝ կան մսատեսակներ, որոնք պահանջում են ավելի մեծ տարիք՝ հնդակահավը՝ 11-12 ամսականում, ձուկը՝ 8-9 ամսականում։ Սակայն ձկան դեպքում, օրինակ, պետք է ընտրել այն ձկնատեսակները, որոնցում  սնդիկի առկայությունը մաքսիմալ քիչ է։

- Նախքան մսի ներառումը ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել։

-Երեխայի սննդակարգում միս ավելացնելիս պետք է հաշվի առնել երեխայի ստամոքսաղիքային համակարգի վիճակը: Այն պետք է պատրաստ լինի տվյալ մսատեսակը յուրացնելուն:


-Կա՞ մսամթերքի ընտրության տարբերություն այն դեպքերում, երբ երեխան սնվում է արհեստական կաթնախառնուրդով կամ մայրական կաթով:


Չկա տարբերություն ընտրության հարցում, երկու դեպքում էլ պետք է աստիճանաբար ներմուծել միսը: Շատ կարևոր է, որ միսը լինի խյուսի՝ «պյուրեի» տեսքով։ Պետք է մեկ անգամ խաշելուց հետո մսաջուրը թափել, երկրորդ անգամ էլ խաշել և նոր օգտագործել:

-Կան երեխաներ, որոնք կտրականապես հրաժարվում են մսից: Կա՞  միսը մատուցելու այլընտրանքային տարբերակ:

-Այո, կան երեխաներ, որոնք շատ դժվարությամբ են սովորում հավելյալ սնուցմանը: Պետք է լինել համբերատար, բայց  նաեւ հետեւողական: Ամեն դեպքում, օրվա ընթացքում գդալ-գդալ պետք է առաջարկել նոր սնունդը, մինչև երեխան կսովորի սնուցման այդ տեսակին: Եթե երեխայի մոտ նկատվում է որևէ մթերքի նկատմամբ ալերգիկ ռեակցիա, կամ առաջանում է լուծ, փսխում, բնականաբար, սննդամթերքը պետք է  հանել նրա սննդակարգից: Ի ուրախություն մեզ, միսը չի պատկանում ալերգիա առաջացնող սննդամթերքների շարքին: Սրա օգտագործումը հեշտ է  հիմնականում այն մայրիկների համար,  որոնք  ժամանակին են սկսել երեխային կերակրել հավելյալ սննդով:
6-8 ամսականը կոչվում է «հնարավորությունների պատուհան»։ Այս ժամանակահատվածը պետք է օգտագործել երեխայի սննդակարգը բազմաձև դարձնելու համար. այստեղ պետք է միսն իր տեղն ունենա:



-Ինչու՞ երեխան միս չի ուտում, ինչպե՞ս է օրգանիզմում լրացվում այդ պակասը:

- Կտրականապես միս չուտող երեխաները պետք է օրգանիզմում լրացնեն այն վիտամինների պակասը, որոնք պարունակում է միսը: Այստեղ կարևոր է երկաթի պատրաստուկների օգտագործումը՝ սակավարյունությունը կանխարգելելու համար: Կարելի է օգտագործել լոբի և ոսպ՝ ուշադրություն դարձնելով, սակայն, գազերի առաջացմանը:

-Ինչպե՞ս պատրաստել միսը, որպեսզի թե՛ վիտամինները պահպանվեն, թե՛ երեխան սննդից հաճույք ստանա:


-Պատրաստելիս պետք է նորարար լինել: Մինչև 1 տարեկան չի կարելի օգտագործել շաքարավազ և աղ, իսկ այլ համադրությունների առումով ազատ ենք: Պետք է կատարել հետաքրքիր համադրություններ, այսինքն՝ եթե մսի համը դուր չի գալիս երեխային, պետք է այն քողարկել  այլ մթերքի համով՝ բանջարեղենի, հնդկաձավարի, վարսակի շիլայի և այլն: Կարելի է մակարոնի հետ մսագնդիկներ պատրաստել: Ի դեպ, միսը կտորներով տալիս ենք այն դեպքում, երբ երեխան բավականին մեծ է և ունի «ծամիչ ատամներ»: Հակառակ դեպքում միսը պետք է ավելացնենք կա՛մ աղացած, կա՛մ հարած սննդի մեջ:
Երեխաները ևս հոգնում են միատեսակությունից: Եթե ամեն օր նրան հարած միս առաջարկենք, հնարավոր է՝  հրաժարվի հավելյալ սննդից: Կարևոր է հասկանալ, որ, երեխային հավելյալ սնունդ տալով, մենք ապահովում ենք նրա  աճն ու զարգացումը:



                                                                                                                Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան

Գովազդ