Հավելյալ սնունդ․ ե՞րբ սկսել, ինչի՞ց սկսել ու ի՞նչ չափաբաժնով մատուցել փոքրիկին․ մանկաբույժի խորհուրդները

Սնունդ

 

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է Շենգավիթ ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի հետ։

Ո՞ր տարիքից պետք է երեխային հավելյալ սնունդ տալ և ինչու՞ է հենց այդ տարիքը սահմանվել։

- Հավելյալ սնունդը պետք է սկսել 5-6 ամսականից ոչ շուտ։ Այդ տարիքից շուտ երեխայի մարսողական համակարգն ի վիճակի չէ յուրացնել մայրական կաթից կամ արհեստական կաթնախառնուրդից բացի այլ սնունդ։ Կարևոր պայման է նաև երեխայի ֆիզիկական հասունությունը՝ հավելյալ սնունդ ընդունելու համար։ Կարևոր է, որ նա կարողանա նստել առանց օգնության, բացի բերանը, երբ մոտեցվում է գդալը, փակի բերանը, երբ գդալը բերանում է, պահի սնունդը բերանում և կուլ տա, այլ ոչ թե հանի դուրս։

 

- Ինչի՞ց պետք է սկսել։ Նախկինում խորհուրդ էին տալիս սկսել մեկ գդալ թարմ քամած հյութից։ Հիմա, կարծես, սկզբունքը փոխվել է։ Ինչու՞։

- Ժամանակի հետ ոլորտը զարգանում է, կատարվում են տարբեր հետազոտություններ, և ուղեցույցները փոփոխվում ու կատարելագործվում են։ Ներկայի Եվրոպական ուղեցույցները խորհուրդ են տալիս սկսել հավելյալ սնունդը բանջարեղենային խյուսերից (դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի, դդում) կամ առանց գլյուտենի շիլաներից (բրինձ, հնդկաձավար)։ Ընդ որում՝ եթե երեխայի մոտ կա քաշի դեֆիցիտ, ապա իմաստ ունի սկսել շիլաներից, իսկ փորկապության հակումով երեխաներին կարելի է տալ բանջարեղենային խյուսեր։ Մրգերը, որպես ավելի դժվարամարս պրոդուկտ, պետք է թողնել որպես երկրորդ քայլ։ Մրգերից կարելի է տալ կանաչ խնձոր, բանան կամ քաղցր սորտի տանձ։ Եթե երեխային մոտ փորկապության հակում կա, ապա կարելի է նաև տալ սև սալորի խյուս։ Ցիտրուսային մրգերից ցանկալի է հրաժարվել մինչև մեկ տարեկանը։

 

- Ի՞նչ չափաբաժնով պետք է տալ առաջին հավելյալ սնունդը։

- Առաջին անգամ պետք է տալ մեկ թեյի գդալից ոչ ավելի, ընդ որում՝ հարկավոր է տալ առավոտյան ժամերին, որ հնարավորություն լինի հետևել նրա ռեակցիային (ալերգիկ ցան, մարսողական խնդիրներ և այլն)։

 

- Չափաբաժնի ավելացումն ի՞նչ սկզբունքով պետք է կատարվի։

- Աստիճանաբար պետք է ավելացնել` կրկնապատկելով չափաբաժինը (օրինակ` 1օր – 1թ/գ, 2օր – 2թ/գ, 3օր – 4թ/գ և այլն) և հասնելով տարիքային օրական նորմայի։

 

- Ե՞րբ պետք է փոքրիկի սննդացանկում ներառել մրգահյութը։

- Երեխայի ռացիոնում մրգերը (խյուս և հյութեր) կարելի է ավելացնել շիլաների և բանջարեղենի յուրացումից հետո՝ հաջորդ ամսում։

 

- Իսկ ի՞նչ կասեք կարագի, մսի ու ձվի մասին ե՞րբ ավելացնել սննդացանկում։

- Կարագը, ձուն և մսամթերքը հիմնականում խորհուրդ է տրվում ավելացնել 7-8 ամսականում։ Կարագ և բուսայուղ պետք է ավելացնել մեկ թեյի գդալից սկսած: Սակավաարյունությամբ կամ դրա հակումով երեխաների համար մսամթերքի ավելացումը պետք է սկսել մաքսիմալ շուտ։ ¼ կամ ½ թեյի գդալից և աստիճանաբար հասցնել օրական 30-40գ-ի, ընդ որում՝ ցանկալի է կարմիր միս (լյարդ)։ Խորհուրդ է տրվում սկսել թռչնի, հորթի կամ ճագարի մսից։ Ձվի հետ ծանոթացումը հարկավոր է սկսել ¼ դեղնուցից։

 

- Մինչև ո՞ր տարիքը պետք է բացառել աղն ու շաքարավազը և ինչու՞։

- Եթե շաքարավազի հանդեպ կարծիքը միանշանակ է բոլորի մոտ, ապա կերակրի աղի հանդեպ փոքր-ինչ վիճելի է։ Մարդկության միջին տարիքը մինչև կերակրի աղի հայտնաբերումը չէր գերազանցում 40-50 տարեկանը։ Կերակրի աղը, որպես Na+-ի աղբյուր շատ անհրաժեշտ է։ Երեխայի համար սնունդ պատրաստելիս աղը պետք է ավելացնել քիչ քանակի, որ այն մեծահասակի համար լինի անալի։

 

- Սահմանափակումներ կան նաև կովի կամ այծի կաթի, մեղրի ու սնկի հետ կապված։ Ո՞ր տարիքից կարելի է մատուցել փոքրիկին և ինչու՞։

- Կովի և այծի կաթերը հանդիսանում են այլ բիոլոգիական տեսակի սնունդ և առողջ մարդու օրգանիզմը ի վիճակի է այն յուրացնել՝ սկսած 1-1,5տ հասակից։ Կովի և այծի կաթերի մեջ այլ սպիտակուցային կազմ է, անբավարար երկաթի և այլ միկրոէլեմենտների քանակ, որը երեխայի մոտ կարող է բերել ծանր սակավաարյունության, ալերգիկ ռեակցիաների, թերսնուցման։ Վերջինս կարող է բերել ֆիզիկական և մտավոր զարգացման հապաղման։ Ինչ վերաբերվում է մեղրին, ապա այն համարվում է բիոլոգիական ակտիվ նյութ, որի հետևանքները անկանխատեսելի են։ Այն բարձր ալերգիկ ակտիվություն ունի, և ցանկալի չէ ավելացնել երեխայի ռացիոն մինչև մեկ տարեկանը։ Իսկ եթե ծնողներից մեկի մոտ կա ալերգիա մեղվի խայթոցի հանդեպ, ապա զգուշությունը պետք է լինի կրկնակի։ Սնկերը կարելի է պայմանական բաժանել երկու խմբի՝ վայրի և արդյունաբերական։ Վայրի սնկերի կիրառումը սննդի մեջ ցանկալի չէ մինչև 7-8 տարեկանը։ Իսկ արդյունաբերական սնկերը, որոնք աճեցվում են արհեստական, կարելի է օգտագործել եփած տեսքով՝ 2 տարեկանից սկսած։ Բանն այն է, որ սնկերի սննդարարություն/վտանգավորություն հարաբերությունը այս տարիքում վիճելի է՝ նրանց բարձր ալերգիկության և տոքսիկության պատճառով։ Այնուամենայնիվ, ավելի մեծ տարիքում նրանք հանդիսանում են վիտամինների և միկրոէլեմենտների լավ աղբյուր։

 

- Ե՞րբ է կարելի երեխային աղցաններ տալ ու ի՞նչ սկզբունքով պետք է պատրաստել։

- 1-1,5տ-ում, երբ երեխան արդեն ի վիճակի է սնվել ցանկացած չափսի, ձևի, տեքստուրայի սննդով, կարելի է տալ նաև աղցաններ։

 

- Ե՞րբ պետք է փոքրիկը մեծերի հետ սեղան նստի։ Եվ մեծերի սեղանից օգտվել նշանակու՞մ է, որ կարող է, օրինակ, նաև տոմատով պատրաստված կերակուրներ ուտել։

- 1,5-2տ հասակում երեխան կարող է օգտվել ընտանեկան սեղանից ամբողջությամբ,  սակայն պետք է հաշվի առնել ինդիվիդուալ ռեակցիաները առանձին մթերքների հանդեպ և պահպանել անվտանգությունը, որ երեխան չխեղդվի սննդային մասնիկներից։

 

- Առհասարակ ի՞նչը պետք է բացառել երեխայի ճաշացանկից։

- Բացառությունները կախված են տարիքից, ալերգիկ ռեակցիաներից և անվտանգության կանոններից (ընդեղեն, կլոր կոնֆետներ, նրբերշիկ և այլն)։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան

 

Գովազդ