Ե՞րբ է նպատակահարմար հավելյալ սնունդը ներառել երեխայի ճաշացանկում, ինչի՞ց սկսել և ի՞նչ քանակությամբ․ մասնագետների կարծիքները հաճախ տարբեր են։
Մայրիկներին հուզող հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի օգնությամբ։
- Կա կարծիք, որ երեխայի սննդակարգ հավելյալ սնունդ ներառելիս միսը պետք է ներմուծել ավելի շուտ, քան 7-8 ամսականը։ Ինչու՞ են մոտեցումները տարբեր և ո՞ր սկզբունքով պետք է առաջնորդվել։
- Մսամթերքը հարկավոր է ներմուծել հնարավորինս շուտ, եթե երեխան ունի սակավարյունություն կամ դրա հակում։
- Որոշ մասնագետներ ասում են, որ թռչնամիսը պետք է շատ ավելի ուշ ներառել փոքրիկի սննդակարգում։ Նաև նշում են, որ երեխայի սննդակարգում առաջինը պետք է ներառել հորթի միսը։ Ի՞նչ կասեք այդ մասին։
- Եվ՛ հորթի, և՛ թռչնի մսերը մարսողության համար հավասարապես հեշտ տանելի են։ Դրանց կարելի է ավելացնել նաև ճագարի միսը, սակայն փոքր-ինչ ավելի ուշ։ Խորհուրդների մեջ որոշակի տարբերությունը բացատրելի է։ Դա նրանից է, որ տարբեր օրգանիզմներ՝ կապված ֆիզիոլոգիական և էթնիկական առանձնահատկություններից, չեն կարող ամբողջովին նույն ռեակցիան տալ այս կամ այն սննդին, և չկան ավելի կոնկրետ ցուցումներ։ Ցուցումները միշտ ընդհանրացված են և թույլ են տալիս մասնագետներին որոշումներ կայացնել տվյալ երեխայի համար առանձին։
- Կան մասնագետներ, որոնք կարծում են՝ մրգային խյուսերը պետք է բանջարեղենից առաջ մատուցել փոքրիկին։ Ո՞ր մոտեցմամբ պետք է առաջնորդվեն մայրիկները և ինչու՞։
- Մրգերն ավելի դժվարամարս են, ուստի պետք է սկսել շիլաներից կամ բանջարեղենից։ Սակայն եթե մեծ ցանկություն ունեք տալ երեխային բանան կամ խնձոր, ապա դա անելու հակացուցում չկա։
- Որոշ մանկաբույժներ պնդում են, որ երեխային ոչ թե մրգահյութ, այլ հենց միրգ պետք է մատուցել, քանի որ միրգը քամելիս որոշ ոչ ցանկալի պրոցեսներ են տեղի ունենում։ Ի՞նչ պրոցեսների մասին է խոսքը։
- Ինձ թվում է՝ այդ հարցը պետք է տալ այն մարդուն, ով ասել է նման բան։ Միրգը քամելուց նրա բաղադրության մեջ որևէ նշանակալի փոփոխություն տեղի չի ունենում։
- Ի՞նչ կասեք աղի մասին։ Շատ մասնագետներ կտրականապես արգելում են աղ ավելացնել մինչև 1.5-2 տարեկան երեխայի կերակուրներին։ Մինչդեռ Դուք այն կարծիքին եք, որ աղը կարևոր բաղադրիչ է երեխայի սննդի մեջ։
- Աղը շատ կարևոր է մարդու օրգանիզմի նորմալ գործունեության համար, իսկ նրա կորուստների լրացումը հատկապես շոգ եղանակներին շատ անհրաժեշտ է։
- Իսկ ի՞նչ կասեք հատիկեղենի մասին․ ինչի՞ց պետք է սկսել, ի՞նչ տարբերակներով եփել։ Մասնագիտական տարակարծություններն էլ այս դեպքում բրնձի շուրջ են։ Ինչու՞։
- Երեխայի ռացիոնի առաջին շիլան պետք է լինի առանց գլյուտենի, այսինքն՝ կամ բրինձ, կամ հնդկաձավար։ Այստեղ տարաձայնություններ չկան նույնիսկ բժիշկների և ավանդապաշտ տատիկների միջև։
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան