6-12 ամսական․ ի՞նչ միրգ տալ փոքրիկին, ո՞ր ժամին և ի՞նչ տեսքով

Սնունդ

Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և փոքրիկի օրգանիզմի զարգացման հարցում էական դեր ունեն: Այնուամենայնիվ, ցանկացած միրգ չենք կարող առաջարկել փոքրիկներին:

«Երեխայի դեպքում նախապատվություն ենք տալիս հիպոալերգեն մրգերին, օրինակ՝ խնձոր, տանձ: Շատ մրգատեսակներ կարող են առաջացնել ատոպիկ դերմատիտ՝ մաշկաբորբ, եղնջացան կամ այլ ալերգիկ ռեակցիաներ: Հատկապես C վիտամինով հարուստ մրգերը 8 ամսականից հետո  են ներառվում փոքրիկի կերակրացանկում: Մնացյալ հիպոալերգեն մրգերը կարող ենք տալ  6,5–7 ամսականից սկսած»,-ասում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Օլգա Ասատրյանը: Նրա խոսքով՝ նախընտրելի է երեխային տալ ամբողջական միրգը խյուսի տեսքով, որպեսզի ուտելը հեշտ լինի: Մրգերի ընդունումը նախընտրելի է կատարել առավոտյան: Եթե օրվա ընթացքում է, ապա հիմնական սնունդն ընդունելուց 30-40 րոպե առաջ:  «Մրգային կոկտեյլները, կոմպոտները, իհարկե, լավ են փոքրիկի համար, բայց սննդանյութերի, վիտամինների պարունակության առումով զիջում են թարմ մրգերին: Նախընտրելի է՝ հյութերը լինեն առանց քաղցրի: Չմոռանանք՝ ատամնաշարի վնասարար, կարիեսի առաջացման պատճառ կարող են լինել ոչ միայն քաղցրավենիքը, այլև քաղցր հյութերը»,-ընդգծում է մանկաբույժը:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ