Ե՞րբ ընդգրկել վարունգը երեխայի սննդացանկում

Բանջարատեսակների շարքում վարունգը ռեկորդակիր է իր բաղադրության մեջ առկա ջրի քանակությամբ (մոտ 95-98 %)։

Նշվածով վարունգի առանձնահատկությունների ցանկը միայն սկսվում է։ Այս բանջարատեսակը հարուստ է A, B, K, PP վիտամիններով, ասկորբինաթթվով, բջջանյութով։ Որոշակի չափաբաժնով վարունգում տեղ են գտնում կալիումը  (պատասխանատու է սրտանոթային ու էնդոկրին համակարգերի համար), յոդը (ապահովում է վահանագեղձի ֆունկցիոնալությունը), ծծումբը (մասնակցում է հեմոգլոբինի սինթեզին, պակասի դեպքում իմունիտետը թուլանում է, և երեխան սկսում է հաճախակի հիվանդանալ), սիլիցիումը (դեֆիցիտը սպառնում է պաթոլոգիկ վիճակներով, օրինակ՝ ոսկրերի ամրության թուլացմամբ), ֆոլաթթուն։ Նրա յուրահատուկ բաղադրիչներից է տարտրոնաթթուն, որը բացառում է ճարպերի կուտակումը։

Հայտնվելով օրգանիզմում՝ վարունգը բարելավում է նյութափոխանակությունը, ցուցաբերում թույլ միզամուղ ազդեցություն։ Վարունգը կարող է հագեցնել  ծարավի զգացումն ու ակտիվացնել երեխային։ Կանոնավոր օգտագործումը նպաստավոր ազդեցություն է ունենում մարսողության վրա, թույլ է տալիս կանխել ավիտամինոզի առաջացումը և իմունիտետի նվազումը։ Բալիկի ծամելու հմտությունների զարգացման գործում թարմ վարունգը բավականին օգտակար միջոց է։

Վարունգը հիպոալերգեն է, ինչը նշանակում է՝ ուտելուց հետո բացասական դրսևորումների ռիսկն աննշան է։ Ռեակցիաները փորձարկման պարագայում, այնուամենայնիվ, հնարավոր են, ու դա կարող է պայմանավորվել վարունգը սննդակարգ չափազանց վաղ ներմուծելու փաստով, անհատական անհանդուրժողականությամբ կամ այնպիսի վարունգի օգտագործմամբ, որի աճեցումը խթանվել է տարատեսակ քիմիական նյութերով։ Հատկապես վատ լվացված վարունգը դառնում է աղիքային ինֆեկցիայի և կղազատման խանգարման հիմք։   

Մասնագետները նշում են, որ անվտանգ է երեխային թարմ վարունգն առաջարկել 11-12 ամսականից հետո, իսկ մարինացված վարունգը պետք է բացառել նվազագույնը մինչև 3 տարեկանը։ Վարունգը սննդակարգ ներմուծվում է փոքր չափաբաժնով։ Բալիկին այն մատուցվում է առանց կեղևի ու խոշոր կորիզների։ Կարելի է սկզբում քերիչով անցկացնել վարունգը, ապա  առաջարկել երկարավուն կտորներով։ Վարունգի վրա աղ ցանել հարկավոր չէ, քանի որ աղի կիրառումն այդ շրջանում կարող է հանգեցնել երիկամների ծանրաբեռնմանը, մաշկային ցանի տարածմանը, ծարավի ուժեղ զգացողության ի հայտ գալուն։

  

 

Թարգմանության աղբյուր՝ pitaniedetok.ru