Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան աուտիզմ ունի և ի՞նչ քայլերի դիմել այդ դեպքում

6-12ամիս

Ներկայացնում է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի լոգոպեդ Քրիստինա Խառատյանը։ 

Աուտիզմի սպեկտրի խանգարումները, այդ թվում՝ աուտիզմը, զարգացման խանգարումներ են, որոնք ի հայտ են գալիս վաղ մանկական շրջանում, պահպանվում մեծահասակ տարիքում և ազդում զարգացման երեք ոլորտների՝ հաղորդակցման, սոցիալական փոխազդեցության և վարքագծի վրա:

Արդեն 8 ամսականից հնարավոր է նկատել և ուշադրության տակ առնել զարգացման որոշակի դժվարություններն ու առանձնահատկությունները․ սոցիալական փոխհարաբերություններում աչք-աչք կոնտակտի հետզհետե կորուստ, հասակակիցների հետ հարաբերություններ ստեղծելու անկարողություն, սոցիալական կամ հուզական փոխհատուցման պակաս, խոսքի հապաղում կամ էլ  բառերի կորուստ, առկա խոսքը որպես հաղորդակցման միջոց օգտագործելու անկարողություն, հաճախ օտարալեզու, կրկնվող խոսքի առկայություն, տարիքին բնորոշ խաղային գործունեության (ձևացնող խաղ, դերային խաղեր) անկարողություն։ Նկատվում են հաճախակի պոռթկումներ, մարմնի միօրինակ կրկնվող շարժումներ, հարատև մտահոգվածություն առարկաների մանր մասերով, պտտելու հակում, առարկաների մշտական հոտոտելը կամ բերանն առնելը, առարկաների և առօրյա գործողությունների նույնության համառ պահանջ, հետաքրքրությունների նեղ շրջանակ (նույն մուլտֆիլմերը, միայն ավտոմեքենաների նախընտրությունը)։

 

Երեխայի վարքը և աշխարհընկալումը փոխվում են  

Բոլոր 5 զգայարաններով  ընդունվող արտաքին աշխարհից եկող ազդակները  համակարգելու և ճիշտ յուրացնելու դժվարությունը երեխան արտահայտում է վարքային բացասական դրսևորումներով։

Օրինակ՝ առօրեական որևէ  փոփոխությանը, անծանոթ վայր մտնելուն կամ հասակակիցների աղմկոտ միջավայրում հայտնվելուն նա արձագանքում է լացով, ագրեսիայով և նմանատիպ այլ ձևերով։ Փոքրիկի վարքագծային բացասական դրսևորումները տարիքի հետ սկսում են ավելի խորանալ։ Ծնողները շատ հաճախ մասնագետին դիմելու անհրաժեշտություն են ունենում երեխայի դժվար կառավարելի վարքագծի պատճառով՝ այն կապելով երեխայի խոսքի բացակայության հետ։ Սակայն այս դեպքում փոքրիկի վարքային դժվարություններն ավելի շատ պայմանավորված են նրա աշխարհընկալման առանձնահատկություններով։

 

Աուտիզմն առաջանում է, քանի որ․․․

Աուտիզմի առաջացման պատճառների շուրջ բազմաթիվ հետազոտություններ են արվել, և առ այսօր հավանական հաստատված պատճառը գենային մակարդակում տեղի ունեցող փոփոխություններն են, աուտիզմը համարվում է ի ծնե զարգացման խնդիր։ Այն հաճախ պայմանավորվում է նպաստող ռիսկային գեների և ուղեղի վաղ զարգացման վրա ներգործող շրջակա միջավայրի գործոնների համադրությամբ:

Վաղ մանկական աուտիզմի մասին խոսելիս կարելի է փաստել՝ աուտիզմի առաջացման հավանականությունը մեծանում է աուտիզմի գենետիկական հակման և ոչ գենետիկական կամ «էկոլոգիական» գործոնների հետևանքով: Ախտորոշման համար մասնագետները պետք է կարողանան դիտումների և ուսումնասիրությունների միջոցով հստակ ու ստույգ տարբերակել այս երեխաների վարքային առանձնահատկությունների լայն շրջանակը: Առկա է  ընդունված հատուկ գործիքակազմ՝ թեստավորման մեթոդներ, որոնց օգնությամբ մանկական հոգեբույժներն իրականացնում են աուտիզմի վաղ ախտորոշումը։

 

Հայրիկի ու մայրիկի գործողությունները, երբ երեխայի մոտ աուտիզմը սկսում է դրսևորվել

Երեխայի զարգացման այս կամ այն փուլում որևէ արտառոց դրսևորում նկատելիս ծնողները պետք է դիմեն մանկական հոգեբույժին, բժիշկ-վերականգնողաբանին կամ զարգացման մանկաբույժին՝ խնդրի  հնարավոր վաղ հայտնաբերման և վաղ միջամտության կազմակերպման համար։ Հատուկ մասնագիտացված կենտրոններում իրականացվող այս երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է հիմնականում  թիմային աշխատանքի միջոցով՝ լոգոպեդ, հոգեբան, էրգոթերապիստ, հատուկ մանկավարժ, ֆիզիոթերապիստ, արտթերապիստ և այլն։ ԱՍԽ(աուտիստիկ սպեկտրի խանգարում) խնդրի միջամտությունը պետք է ուղղված լինի երեխային, ընտանիքին և շրջապատին՝ համախմբելով խնդրին առնչվող բոլոր կողմերին՝ հարազատներին, մանկապարտեզը, սոցիալական և բժշկական ռեսուրսներն ու ընդհանուր միջավայրը: 

 

Հաղթահարումը ենթադրում է․․․

Թե ինչ չափով հնարավոր կլինի դուրս բերել երեխային բնականոն զարգացման դաշտ, պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են՝ երեխայի մտավոր ունակությունները և պոտենցիալ հնարավորությունները, վաղ միջամտությունն ու ճիշտ ընտրված աշխատանքային մեթոդակազմը, անհրաժեշտ թիմային աշխատանքը, ծնողների անմիջական ներգրավվածությունը և, իհարկե, հավատ, որ ներդրված ջանքերն ապարդյուն չեն լինելու։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան