Որո՞նք են յոգուրտի օգտակար հատկությունները և ե՞րբ ներառել այն փոքրիկի սննդացանկում

6-12ամիս

Գտնվում են բալիկներ, որոնք մերժում են իրենց մայրիկների՝ կաթ խմելու, պանիր կամ կաթնաշոռ ուտելու առաջարկը, բայց սիրով համտեսում են յոգուրտը և հեշտությամբ «ընկերանում» նրա հետ: Յոգուրտն առաջին հերթին դյուրին է դարձնում փոքրիկի մարսողության գործընթացն ու լավացնում աղիների միկրոֆլորան: Դա կատարվում է թթվակաթնային բակտերիաների շնորհիվ, որոնք կազմում են նրա զգալի մասը: Յոգուրտը հանդիսանում է սպիտակուցների, մի շարք միկրոէլեմենտների՝ երկաթի, մագնեզիումի, ցինկի, ինչպես նաև վիտամին A, B, C, E-ի աղբյուր: Պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է ոսկրերի ձևավորման և ամրացման, ատամների աճի համար: 

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գոհար Մարգարյանի ընդգծմամբ՝ ցանկալի է  մանկական յոգուրտը երեխայի ռացիոնում ներառել 8-10 ամսականում և գնելիս անպայման նայել տուփի վրա նշված բաղադրությանն ու պիտանելիության ժամկետին: Երբեմն ծնողները շփոթվում են ու վերցնում յոգուրտ, որը տվյալ տարիքի փոքրիկի համար նախատեսված չէ:  Պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ փաստին, զգուշանալ և չանել նման սխալներ: Բալիկի ծանոթացումը յոգուրտի հետ հարկավոր է կազմակերպել առավոտյան, որպեսզի օրվա ընթացքում հետևենք ու համոզվենք՝ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ խնդիր, ալերգիկ ռեակցիա չկա:   

Եթե հետագայում մայրիկը ցանկանա անձամբ պատրաստել յոգուրտ երեխայի համար, դա այդքան էլ բարդ չի լինի:  Սկզբի համար վերցնում է անյուղ կաթ և եռացնում, ապա թողնում՝ հովանա:  Հաջորդիվ ավելացնում է, օրինակ, մածուն կամ չոր խմորիչ, ստացվածը ծածկում, պահում մի փոքր տաք միջավայրում 6-12 ժամ, որով հիմնական աշխատանքն ավարտվում է: Տանը պատրաստելու առավելությունն այն է, որ մայրիկը հստակ գիտի, թե ինչ  բաղադրիչներ են օգտագործված և սննդային հավելումները, գունանյութերը, որոնք կարող են վնասել երեխային, բացակայում են յոգուրտում: