Որո՞նք են 9 ամսական փոքրիկի զարգացման առանձնահատկությունները

6-12ամիս

Ներկայացնում է մանկաբույժ Արփինե Հովակիմյանը։

Ձեր փոքրիկը դառնում է 9 ամսակա՞ն: Վազեք նրա մոտ ու ջերմ-ջերմ   գրկախառնվեք, քանի որ այդ տարիքի երեխաները շատ են սիրում նուրբ գրկախառնությունները: Դրանք հնարավորություն են տալիս բալիկին զգալ իրեն պաշտպանված և մեղմել տարիքային վախերից մեկը՝ անհանգստությունն օտարների հանդեպ: Երեխան իրոք կարող է վախենալ մարդկանցից և երևույթներից, որոնք նախկինում երբեք նեղություն չեն պատճառել իրեն: Օրինակ՝ հանկարծակի սկսի լաց լինել, երբ տատիկը գա այցելության կամ լույսերն անջատվեն քնելուց առաջ: Տվյալ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երեխայի գիտակցությունն ու հիշողությունը բարելավվում են: Լավ նորությունն այն է, որ 9 ամսական երեխաները հեշտությամբ շեղվում են ու նրանց արտասվելը երկար չի տևում: Եթե դուք հարցնեք՝ «որտե՞ղ է գնդակը», նա, նկատելով գնդակն իր տեսադաշտում, իսկույն կշարժվի այն վերցնելու: Կարևոր չէ, թե ինչպես դա կանի՝ սողալով, թե մի կերպ քայլելով:

Երբ ծնողներն ականատեսն են լինում երեխայի քայլելու փորձերին, շատ դեպքերում շտապում են գնել և փոքրիկի առաջ շարել գույնզգույն ու գեղեցիկ մանկական կոշիկներ:  Գնման հարցում շտապել պետք չէ, քանի դեռ երեխան լիարժեք չի քայլում և երկար ժամանակ չի անցկացնում դրսում: Տանը բոբիկ ոտքերով կանգնելն ու քայլելը կօգնի փոքրիկին զարգացնել ոտքերի մկանները, ավելի հեշտ կստացվի «շփումը» հատակի հետ: Ծնողները պետք է բռնեն երեխայի ձեռքերից ու միասին քայլեն սենյակում, որպեսզի նա կարողանա երկու ոտքով շրջել: Միանգամայն հարկավոր կլինի ուշադրություն դարձնել անվտանգությանը և ստեղծել ապահով միջավայր երեխայի համար, դնել սահմաններ: Երեխան պետք է հասկանա «ոչ» բառը, հաղորդակցման նմանատիպ միջոցները: Մայրիկն ու հայրիկը պետք է անպայման օգտագործեն այն, երբ փոքրիկը պատրաստվում է անել մի բան, որը չպետք է անի, վնասակար է և արգելված: Նրանք պետք է սովորեցնեն երեխային ձեռքի ու գլխի շարժումներով հասկացնել միտքը, ձեռքով ցույց տալ «ցտեսություն» կամ գլուխը թափահարել մերժելիս:  

Երեխայի մտավոր ունակությունները զարգանում են, և զուգահեռ բազմազան է դառնում ռացիոնը: Անհրաժեշտ է, որ 9 ամսական երեխայի սննդակարգում հստակորեն լինեն հացահատիկը, մրգերն ու բանջարեղենը, նույնչափ կաթնամթերք և սպիտակուցային սնունդ, կրծքի կաթ, կաթնախառնուրդ: Մինչև 1 տարեկանը պետք է բացառվի մեղրի ու կովի կաթի ընդունումը: Ընդհանուր առմամբ, երեխան օրական երեք անգամ է ուտելու։ Հարկավոր է թույլ տալ բալիկին ուտել իր ախորժակին համապատասխան: Իսկ քունը կարող է կազմել մոտ 15 ժամ (գիշերը 11 ժամ, ցերեկը՝ 2-4 ժամ):