Ինչո՞վ է զբաղվում 10 ամսական երեխան և ինչպիսի՞ սնունդ չի կարելի տալ նրան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։

 

Եթե բալիկը շուտով դառնալու է 10 ամսական, ապա ծնողները պետք է իմանան՝ մոտենում է նրա «անկախացման շրջանը»: Սա նշանակում է, որ, չնայած խնամքի և աջակցության կարիք ունենալուն, փոքրիկը սկսելու է դրսևորել իր վառ անհատականությունը: Այդ տարիքի բալիկները ձգտում են ու կարող են ափսեից ուտել, բաժակից խմել ինքնուրույն կերպով: Նրանք ոգևորվում են մյուս մարդկանց, քույր և եղբայրների հետ շփվելիս, լինում են բավականին արտահայտիչ փոխազդեցության մեջ, խաղալիս արտահայտում են գոհունակություն: Համենայն դեպս, նրանք դեռևս փոքր են ընկերներ ձեռք բերելու, կիսելու գործողությունը հասկանալու համար:

10 ամսականն ունակ է ընդունել պարզ հրահանգները, թեև միշտ չէ, որ հետևում է դրանց: Հետազոտելու ցանկությունը բալիկի մոտ լինում է առավել ուժեղ, քան նախազգուշացումները լսելու ցանկությունը: Նա ունենում է ինքնատիրապետման, իմպուլսների վերահսկման ցածր մակարդակ: Կարող է հասկանալ, թե ինչ է «ոչ» բառը, բայց չկարողանա հետևողականորեն վերահսկել սեփական վարքը: Ուստի մեծահասակները պետք է շրջակա տարածքը դարձնեն ապահով, որպեսզի ստիպված չլինեն անընդհատ «ոչ» ասել և անհանգստանալ: Պետք է անպայման  ծածկել վարդակները, ամրացնել դարակները, վտանգավոր իրերը, կենցաղային մաքրող միջոցները տեղափոխել, դնել փոքրիկի համար  անհանասանելի տեղերում:

 

 

 

Կարելիներն ու չի կարելիները սննդի մեջ

 

Միգուցե անհրաժեշտ լինի բազմիցս առաջարկել երեխային նոր սնունդը, նախքան նա կընդունի այն:  Հարկավոր է լինել համբերատար ու օգտագործել խոհարարական տարբեր հնարքներ, թույլ տալ երեխային խառնաշփոթ ստեղծել ուտելիքների հետ: Փոքրիկը կարող է անգամ հաճույք ստանալ հատուկ մանկական գավաթ, գդալ, սպասք կիրառելիս:

Երեխային սնունդ տալիս շարունակեք համոզվել, որ մատուցվող ուտեստն անվտանգ է, խեղդվելու ռիսկը բացակայում է: Սնունդը տվեք մանր կտորներով, բանջարեղենը եփեք մինչև փափկելը: Հիշեք, որ կրծքի կաթը, կաթնախառնուրդը երեխայի սնուցման հիմնական աղբյուրն են: 10 ամսական երեխային օրվա մեջ անհրաժեշտ է 700-1000 մլ կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ: Խուսափեք երեխային պոպկորն, մաստակ, ընկույզ, սերմեր, կպչուն կոնֆետ, մարշմելոու, խրթխրթան սնունդ տալուց: Տվյալ տարիքի համար վտանգավոր են համարվում կովի կաթը, մեղրը, հյութը: 

 

  

 

Երեխայի զարգացման նշաձողերը

 

✓ Հնարավոր է, որ 10 ամսական երեխան շատ սողա: Դա միանգամայն լավ է:

✓Բալիկը փորձելու է կանգնել՝ բռնվելով կահույքից, ու օգտագործել այն հավասարակշռությունը պահելու նպատակով: Նա կարող է նույնիսկ «կպչել» դիմացինին կանգնած վիճակով և օգնություն ակնկալել: Երբ երեխան տիրապետում է կանգնելուն, սկսում է նաև քայլելու փորձերն անել:

✓Փոքրիկը խաղալիքներն ուսումնասիրում է տարբեր ձևերով՝ շարելով, թափահարելով, հարվածելով ու նետելով, որպեսզի տեսնի՝ ինչ է տեղի ունենում և ինչ կա խաղալիքի ներսում:

✓ Անկախ նրանից, որ երեխայի շփման ցանկությունը մեծ է, նրա բանավոր հաղորդակցման հմտությունները մասամբ են զարգացած: Ժեստերի լեզվի ներդրումը օգնում է լրացնել առկա բացը:

✓ Բալիկն աշխատում է վերարտադրել մեծահասակներից լսած բառերը, ինչպես նաև ընդօրինակել խոսքի օգտագործված ձևերն ու հնչերանգները:

 

  

 

 

Փոքրիկի քնի ռեժիմը 

 

10 ամսականում երեխային պետք է օրական 12-16 ժամ քուն, օրինակ՝ 11 ժամ գիշերը, 3 ժամ ցերեկն ու առավոտը միասին: Նրանց մեծ մասը օրվա ընթացքում երկու անգամ է քնում: Լավագույն բանը, որ ծնողը կարող է անել՝ առողջ քնի սովորությունները խթանելու համար, հետևողական գտնվելն է: Հարկավոր է ներդնել կանոնավոր ռեժիմ: Քանի որ երեխան մեծանում է, նա կբախվի ավելի շատ հիվանդությունների՝ թեթև մրսածությունից մինչև գրիպ, այլ վիրուսային վարակներ: Կարևոր է իմանալ, թե երբ է պետք բժիշկ կանչել, երբ է սովորական մրսածության նմանվող պատկերը լուրջ հիվանդության մասին հուշում, և ինչ անել, երբ երեխան ջերմություն ունի: Անհրաժեշտ է չափել երեխայի ջերմությունն ու գնահատել ախտանշանները։