Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի 11 ամսական երեխան

6-12ամիս

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է 11 ամսական երեխայի զարգացման մասին։

 Որքան փոքրիկը մեծանում է, այնքան ընդլայնվում է նրա բառապաշարը, զարգանում են ըմբռնման և յուրացման կարողություները: «Բա-բա», «դա-դա», «մամա» ու նմանատիպ շատ այլ բառեր կարելի է լսել 11 ամսական երեխաներից։ Նրանք հասկանում են մեծահասակների խոսքերը և  հետևում տրված պարզ հրահանգներին՝ «բռնի՛ր գդալը»,  «վերցրու՛ գիրքը»: Դրան մեծապես նպաստում է այն, որ  ծնողները խոսում են իրենց կատարած գործողությունների մասին, մանրամասնում՝ ինչ են անում ու ինչ նպատակով: Օրինակ՝ հիմա ես կվերցնեմ ափսեն և կդնեմ սկուտեղի վրա, որպեսզի կարողանաս ուտել:    

Հետաքրքրական է, որ 11 ամսական փոքրիկը սկսում է բացահայտ ընտրություն կատարել մարդկանց միջև, նախապատվություն տալ որևէ մեկին, առանձնացնել սիրելի իրեր: Հատկապես անհանգստանալ պետք չէ, երբ նա նախընտրում է ծնողներից մեկին: Վերջինս սովորական երևույթ է, ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխման և անցնում: Իսկ ահա բաժանման անհանգստությունը, որը կարող է սրվել այս շրջանում, դեռևս չի լքելու բալիկին: Այդ է պատճառը, որ երեխան չի սիրում բաժանումներն առանց հրաժեշտի: Պետք է երեխային միշտ ժամանակ տալ՝ վարժվելու նոր խնամակալներին և կազմակերպել հրաժեշտի կարճ ու քաղցր պահ, որպեսզի փոքրիկն իմանա՝ ծնողը տնից դուրս է գալիս: Տխրել ամենևին պետք չէ, եթե բալիկը լաց է լինում, նա համապատասխանաբար արձագանքում է դիմացինի հուզական ազդանշաններին:  

 

Սննդակարգի և սովորությունների փոփոխում 

Սպասելի է, որ երեխայի ռացիոնում պինդ սնունդն արդեն առավել մեծ տեղ է գրավելու, կրծքի կաթի քանակությունն էլ մի փոքր  նվազելու է: 11 ամսական երեխան օրական մինչև 800 մլ կրծքի կաթի կամ կաթնախառնուրդի կարիք ունի։ Նրա ճաշացանկում առկա են միսը, մակարոնը, կաթնամթերքի որոշ տեսակներ։ Շաքարավազի, աղի և վտանգավոր ուտելիքների՝ կոնֆետների, մաստակի, ընկույզի կիրառումից շարունակում ենք զերծ մնալ: Ու թեև փոքրիկի բերանի խոռոչում կլինեն մի քանի ատամիկներ, խեղդվելու վտանգն, այնուամենայնիվ, պահպանվում է: Վտանգը կանխելու  համար  հարկավոր է ուտելիքը մանրացնել, նախընտրելի է կտրատել այն երկայնքով։

Այս տարիքից սկսած մայրիկը պետք է կամաց-կամաց սկսի երեխային շշից կտրելու պրոցեսը և սովորեցնի բաժակից խմելուն։  Ընդհանրապես խորհուրդ է տրվում 12-24 ամսականում երեխային հեռացնել շշից, քանի որ այն երկար գործածելը բերում է ատամների վնասմանը։

  

 

Հանգիստ քնի գրավականը 

11 ամսականում երեխային պետք է 12-16 ժամ քուն (ներառյալ ցերեկային քունը): Բալիկը կարող է ամբողջ գիշեր քնել կամ երբեմն-երբեմն արթանանալ: Երեխայի համար բացի կանոնավոր ռեժիմ սահմանելուց, մայրիկը կարող է անել այլ օգտակար գործողություններ: Կարելի է ​​քնելուց առաջ գեղեցիկ պատմություններ կարդալ, անցկացնել երեխայի հետ հանգիստ, մտերիմ ժամանակ: Դա կօգնի նրան թուլանալ և փոխանցել ազդանշան՝  ժամանակն է քնելու:

 

 

Ինչի՞ն ուշադրություն դարձնել    

Հարկավոր է հետևել փոքրիկի բերանի խոռոչի հիգիենային, մաքուր պահել ատամները (լնդերը, եթե ատամները դեռ չեն ծկթել): Օգտագործեք փափուկ խոզանակ և ֆտորացված ատամի մածուկի մի փոքր շերտ՝ օրը երկու անգամ ատամները մաքրելու համար: Եթե ​​բալիկը նկատելիորեն անհանգիստ է ատամների ծկթման շրջանում, կարելի է առաջարկել լնդերի համար նախատեսված հատուկ խաղալիքներ: Ինչու ոչ, բժշկին նույնպես դիմել և հարցնել ցավազրկող դեղամիջոցներ տալու մասին: Մասնագետի հետ խորհրդակցել է պետք նաև այն ժամանակ, եթե նկատում եք՝ երեխան հետաքրքրություն չի ցուցաբերում շարժման նկատմամբ և նույնիսկ սողալ չի փորձում: